Ժամկետային զինծառայողի մահվան գործով փորձաքննության ելակետային տվյալները ոչնչացվել են, ինչը վերաբացված գործի քննությունը տանում է փակուղի. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ժամկետային զինծառայողի մահվան գործով փորձաքննության ելակետային տվյալները ոչնչացվել են, ինչը վերաբացված գործի քննությունը տանում է փակուղի. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-02-2019 19:24:27   | Հայաստան  |  Իրավունք



 
2010 թվականի դեկտեմբերի 21-ին մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի գործով փորձաքննության ելակետային տվյալները ոչնչացվել են, ինչը վերաբացված գործի քննությունը տանում է փակուղի: 
 
Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբան Արայիկ Պապիկյանը: 
 
Ըստ նրա՝ վարույթն իրականացնող մարմինն Ա. Ղազարյանի գործի բացման, բացահայտման կամ օբյեկտիվ քննության անցկացման առումով պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերում, ուստի իրենք ստիպված են եղել ինքնուրույն ապացույցներ հավաքել: 
 
Ա. Պապիկյանի խոսքերով՝ վերջին 2-3 ամիսների ընթացքում իրենց համար պարզ է դարձել, որ 2010 թվականին Ա. Ղազարյանի գործի քննությունն ուղղակի չի կատարվել: 
 
«Այն, ինչը որ կատարվել է, ինչպես ես օրեր առաջ հրապարակայնորեն ասացի նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանին,  շատ ավելի նման է «Գյուլնազ տատի» հերթական հեքիաթին, որը հաստատվել է զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից: Մեր սեփական նախաձեռնությունն այնքան մանրակրկիտ էր, որ այցելեցինք Արցախ՝ Հադրութի զորամաս և ի զարմանս մեզ՝ այնպիսի հանգամանքներ, փաստեր ենք ի հայտ բերել, որոնք ոչ միայն 2010-11 թվականներին քննարկման առարկա չեն դարձել, այլև գործի նյութերում խեղաթյուրել են իրականությունը, և վստահորդներս՝ Ա. Ղազարյանի ծնողները, տևական ժամանակ բազմաթիվ հանգամանքների մասին ուղղակի տեղյակ չեն եղել»,- ընդգծեց փաստաբանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ բազմաթիվ հարցումներ են կատարել պետական մարմիններին և որպես կանոն ստացել են պատասխան, որ օրինակ՝ ինչ-որ բաներ չեն պահպանվել:  
 
Ա. Պապիկյանը միաժամանակ ցույց տվեց տեղեկություն ստանալու նպատակով նույն հարցման վերաբերյալ Պաշտպանության բանակից ստացված երկու պատասխանները, որոնցից առաջինը թվագրված է 2018 թվականի դեկտեմբերի 18, իսկ մյուսը՝ 2019 թվականի հունվարի 23,  և որոնցից առաջինով հայտնում են, որ տեղեկությունները չեն պահպանվել, իսկ երկրորդով, որ դրանք գտնվում են զորամասում: 
 
«Խնդիրը ոչ թե նա է, որ մեզ այսպիսի անհեթհեթ պատասխան են տվել, այլ որ խնդիրը նա է, որ մենք տեղեկատվություն ենք խնդրել. Եթե կա այդ տեղեկատվությունը, տրամադրեք, եթե չկա, նշեք, որ չեք տրամադրում: Եթե երկրորդ պատասխանին հավատանք, որ դա գտնվում է զորամասում, ապա միևնույնն է, մեր հարցմանը դարձյալ չեն պատասխանել: Բայց սա ամենը չէ: Մեր՝ հատկապես ի նկատի ունեմ Արթուրի ծնողներին, պահանջը եղել է՝ մեզ ցույց տվեք այն ուռուցքը (պատճառով ըստ պաշտոնական վարկածի մահացել է Ա. Ղազարյանը) կամ դրա լուսանկարը, և գուցե մենք կհավատանք: Մեզ մշատապես որևէ մեկը ոչ միայն ցույց չի տվել այդ հյուսվածքը կամ դրա լուսանկարը, այլև ասել են, որ այն չի պահպանվել»,- փաստեց Ա. Պապիկյանը: 
 
Նրա համոզմամբ՝ քանի դեռ գլխավոր դատախազը և մյուս պատասխանատուները քայլեր չեն ձեռնարկել պատասխանատվության ենթարկելու Ա. Ղազարյանի մահվան գործի նախկին քննության ընթացքում ապացույցները թաքցնելու, վերացնելու և կեղծելու մեղավորներին, այսօրվա քննությունը կրելու է ձևական բնույթ: 
 
«Չկա կեղծիքների վրա կառուցված իդեալական գործ: Վստահեցնում եմ՝ մենք քանդելու ենք, գտնելու ենք բոլոր մեղավորներին: Կասկած չունեմ, որ այն իրավապահ հանցավոր համակարգը, որը գործել է 2010-11 թվականներին, չի կարող այնքան հզոր լինել, որ շարունակի իր այդ հանցավոր վարքագիծը նաև այսօր»,- նշեց Ա. Պապիկյանը՝ հավելելով, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով շարունակելու են գործի բացահայտմանն ուղղված իրեն գործողությունները:
 
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցն իր հերթին շեշտեց, որ շարունակում են անվստահություն հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քանի որ գտնում են, որ հանցավոր ռեժիմին ծառայած դատախազները երբևէ այնքան չեն ուղղվի, որ իրենք իրենց պատժեն: 
 
Նա մտավախություն հայտնեց, որ նմանատիպ գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորված  հասարակական խմբում ներգրավված իրենց գործընկերների ձեռքերով փորձելու են շարունակել տարիների «ծածկադմփոցը»: 
 
Մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանն էլ ընդգծեց, որ շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին գործը վերաբացելու հնարավորության համար, սակայն գտնում է, որ դատաիրավական համակարգը մնացել է նույնը՝ իր կոռումպացված և հանցավոր կադրերով: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Իրավունք