Բաց նամակ քաղաքապետ Հայկ Մարությանին․ «Անթույլատրելի է, երբ պաշտոնատար անձը․․․»


Բաց նամակ քաղաքապետ Հայկ Մարությանին․ «Անթույլատրելի է, երբ պաշտոնատար անձը․․․»

  • 19-02-2019 10:15:54   | Հայաստան  |  Հասարակություն

Կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող հայաստանյան մի շարք կազմակերպությունների ղեկավարներ բաց նամակ են հղել Երեւանի քաղաքապետ  Հայկ  Մարությանին եւ քաղաքապետարանի այլ պաշտոնյաների, հորդորելով վերջիններիս, մասնավորապես, «հրաժարվել հասարակությունից օտարված,  միանձնյա  որոշումների  կայացման հին ավանդույթներից և փոխարենը ձևավորել  ակտիվ  քաղաքացիական  հասարակության նոր արժեքների վրա հիմնված  նոր ավանդույթներ»։ 
 
Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստն ամբողջությամբ․
 
«Երևանի քաղաքապետ  Հայկ  Մարությանին, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, Երևանի  քաղաքապետարանի  բնապահպանության  վարչության պետի  ժ. պ.  Խաչիկ Հակոբյանին, Երևան քաղաքի Ավագանու անդամներին
Մեծարգո  տիկնայք և պարոնայք, 
 
Մենք,  Երևանում կենդանապաշտպան հանրության ներկայացուցիչներս, նախևառաջ  ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել մեր քաղաքում կենդանիների նկատմամբ էթիկական և պատասխանատու վեաբերմունքի ձևավորման ոլորտում մեր բազմամյա ցանկություններին ընդառաջ գնալու պատրաստակամության համար: Խոսքը ոչ միայն այն կենդանիների մասին է, որանք ապրում են տանը, և նրանց տերերի մասին, այլ նաև քաղաքի թափառող կենդանիների մասին:
 
Հակիրճ նշենք այն հիմնական դրույթները, որոնց շուրջ ակնկալում ենք ձեզ հետ համատեղ աշխատանք.
1. Տվյալ  ոլորտում  ընդհանուր  ռազմավարության, ամբողջական  պատկերի  ձևակերպում:
2. Թափառող  շների  քանակի  կրճատման  ծրագրի  (բռնում-ստերջացում-վերադարձ՝ ԲՍՎ), ինչպես նաև դրան առնչվող  բոլոր այն ենթածրագրերի  մշակումն  ու  իրականացումը, որոնք կապահովեն  դրա հաջող  իրականացումը ՝ բակային  կենդանիների  հետ ներդաշնակ  համակեցության  բակային  մշակույթի  զարգացումը,  քաղաքային ներդաշնակ առողջ  էկոհամակարգի  ձևավորմանը  նպաստելը: 
3. Տվյալ  ոլորտում  կրթական  և  իրազեկման  ծրագրերի, սոցիալական  նախագծերի  և գովազդների  մշակումը:
4. Ընտանի կենդանիներ պահելու վերաբերյալ  քաղաքային  կանոնների  ընդունումը, նրանցում փոփոխություններ և լրացումներ կատարումը:
5. Թափառող  կենդանիների  մասին  քաղաքային  օրենքի  ընդունումը:
6. Քաղաքային վետ- կլինիկաների  և  կացարանների  ստեղծումը:
7. Մշտական  հիմքով  հասարակական  վերահսկողության  համակարգի, ինստիտուտի ձևավորումը:
 
Մենք կարծում ենք, որ այս ամենը պետք է մշակվի հասարակության շահագրգիռ մասի, քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների, առանձին ակտիվիստների և կամավորների և, իհարկե, մասնագետների հետ սերտ համագործակցությամբ  և փոխգործակցությամբ: Եվ անընդունելի է հանրության օտարումը  նմանատիպ  հարցերում և հատկապես ոլորտի մենաշնորհում անհասկանալի սկզբունքով ընտրված կազմակերպությունների կամ մունիցիպալ կառույցների կողմից։
 
Հատկապես անթույլատրելի է, երբ պաշտոնատար անձը, կամ առավել ևս ժողովրդի ընտրյալը (տվյալ դեպքում Ավագանու անդամ) տեղեկատվությանը վերաբերում է ինչպես իր սեփականությանը և տրամադրում է այն սեփական հայեցողությամբ՝  կամայական  սկզբունքով  ինչ-որ ընտրյալերի՝ Ֆեյսբուքով հանրայնորեն  հայտարարելով, որ պատրաստ է դիտարկել առաջարկությունները՝ «privat»՝ միայն “թիմի”  անդամների  հետ:  Մենք կարծում ենք,  որ աշխատանքային ամբողջ գործընթացը՝ որոշումների  ընդունման փուլից մինչև իրականացում  և  վերահսկողություն,  պետք է  լինի  թափանցիկ  բոլոր  շահագրգիռ քաղաքացիների համար: 
 
Վերջինի հետ կապված չենք կարող չարտահայտել մեր մտահոգությունը և խնդրում ենք  աջակցել մշտական գործող հանձնաժողով ստեղծելուն, որտեղ կկարողանան ընդգրկվել բոլոր ցանկացողներն առանց ինչ-որ խտրականության:
 
Հատկապես  հրատապ  է  ընտանի կենդանիների պահելու վերաբերյալ քաղաքային  կանոններում  փոփոխություններ և լրացումներ կատարելու հետ կապված հարցը,  քանի որ, որքանով մեզ հայտնի է,  դա արդեն Ավագանու մոտակա նիստերից մեկի օրակարգում է: 
Մենք ունենք մեր կարծիքը, տեսակետները,  մեր  առաջարկությունները, ցանկանում ենք լինել տեղեկացված և լսելի: Կոչ  ենք  անում օգտագործել  ձեր հեղինակությունն ու նպաստել Նոր Հայաստանի ձևավորմանը, մեր սահմանադրական իրավունքի  իրացմանը՝ մասնակից լինել այդ ձևավորման գործընթացներին, հրաժարվել հասարակությունից օտարված,  միանձնյա  որոշումների  կայացման հին ավանդույթներից և փոխարենը ձևավորել  ակտիվ  քաղաքացիական  հասարակության նոր արժեքների վրա հիմնված  նոր ավանդույթները»:
 
Բաց նամակի տակ իրենց ստորագրություններն են դրել՝ «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր և համակարգող Լալա Պողոսյանը, “Pawsitive Rescue Armenia-Փոուզիթիվ» ՀԿ համակարգողներ Արմինե Պետրոսյանը եւ Աննա Ամիրաղովան, ինչպես նաեւ «Փրկենք կեդանիներին» ՀԿ նախագահ Նունե Մեհրաբյանը: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն