25 տարվա աշխատանքային փորձ ունեցող ինժեները չի կարողանում վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


25 տարվա աշխատանքային փորձ ունեցող ինժեները չի կարողանում վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 19-02-2019 19:01:44   | Հայաստան  |  Իրավունք



 
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին աշխատակից, առաջատար ինժեներ Ռաֆիկ Խաչատրյանը չի կարողանում վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները. Նա պնդում է, որ դատարանները շարունակում են ոչ անաչառ որոշումներ կայացնել: 
 
Ինչպես փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող Ռ. Խաչատրյանը, ներկայումս աշխատանքային վեճի մեջ է գտնվում վերոնշյալ կոմբինատի տնօրենի հետ, ով իրեն անհիմն կերպով հեռացրել է աշխատանքից: 
 
Ըստ նրա՝ 2015 թվականի նոյեմբերի 2-ին կոմբինատի տարածքում հանքանյութի հանույթի տարեկան ծավալի ավելացման վերաբերյալ կազմակերպվել են հանրային լսումներ, որի ընթացքում ինքը հանդես է եկել էկոլոգիական խնդիրների մասին հայտարարություններով, որոնք էլ առիթ են դարձել հարմար պահին իրեն աշխատանքից հեռացնելու համար:
 
«Ես զրկվեցի բանակում տղայիս երդման արարողությանը մասնակցելու նպատակով տրամադրվող միկրոավտոբուսից, բաժնում բարձր աշխատավարձով աշխատանքի տեղափոխվելու հնարավորությունից և այլն»,- նշեց Ռ. Խաչատրյանը՝ հավելելով, որ հանրային լսումներից անմիջապես հետո ինքը ստանում է նկատողություն, իսկ 13 ամիս անց, երբ որդին բանակից խրախուսական արձակուրդի է գալիս և հետո նրան զորամաս տանելու նպատակով ինքը գրավոր դիմում է իր աշխատանքային ղեկավարին չվարձատրվող արձակուրդ տրամադրելու խնդրանքով, որը բավարարվում է, սակայն աշխատանքի վերադառնալուց հետո վերադասի հետ վեճի է բռնվում և հեռացվում աշխատանքից: 
 
Ռ. Խաչատրյանի խոսքերով՝ տղային զորամաս տանելու համար խնդրում է իրեն երկու օր տրամադրել, սակայն կարողանում է մեկ օրում որդուն հասցնել զորամաս և վերադառնալ, իսկ հաջորդ օրը ներկայանալ աշխատանքի՝ խնդրելով վերականգնել իր այդ մեկ օրը, մինչդեռ բաժնի պետի կողմից անախորժ վիճակ է ստեղծվում և գործը հասնում է ոստիկանություն: 
 
«Ոստիկանությունում գործ հարուցեցին, քննչական մարմիններն ուսումնասիրեցին գործը և հանցակազմի բացակայության պատճառով այն կարճվեց»,- տեղեկացրեց բանախոսը: 
 
 
Փաստաբան Մհեր Բադալյանն իր հերթին մանրամասնեց. 
 
«Տվյալ ընկերությունը ունի 3000-3500 աշխատակից, և նրանցից հնարավոր է օրեկան 50-60 հոգի դիմեն չվճարվող արձակուրդ ստանալու համար, իսկ դատական պրոցեսի ընթացքում այդ ընկերության ներկայացուցիչը մինչև վերջ պնդում էր, որ Ռ. Խաչատրյանը պետք է սպասեր գլխավոր տնօրենի որոշումը ստանալուց հետո նոր գնար արձակուրդի: Չվճարվող արձակուրդի մասին օրենսդիրը սահմանում է, որ ընտանիքի հետ կապված ամեն մի անհետաձգելի խնդրի դեպքում, աշխատողը կարող է դիմել գործատուին և տարվա ընթացքում սահմանված քանակով ստանալ չվճարվող արձակուրդ, ավելին՝ հենց առաջին ատյանի դատարանի վճռի հիմքում դրված է մի հանգամանք, որ նույն տարում՝ 2016 թվականի սեպտեմբերին Ռ. Խաչատրյանը նմանատիպ դիմումի համաձայն՝ մեկ օրով չի գնացել աշխատանքի, բայց նաև չի հեռացվել աշխատանքից, ինչպես եղել է այս դեպքում»: 
 
Մ. Բադալյանի փոխանցմամբ՝ դատական պրոցեսը սկսվել է 2017 թվականի հունվարի 26-ին, և հիմքում դրել են «Աշխատանքային օրենսգրքի» 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը: 
 
Փաստաբանի խոսքերով՝ իր հերթին Ռ. Խաչատրյանը դիմել է դատարան՝ աշխատանքից հեռացնելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքի վերականգնման և պարապուրդի գումարը վճարելու պահանջով: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play