Արամ Առաջինը եկավ Հայաստան. վճռորոշ հավաք․ Հակոբ Բադալյան


Արամ Առաջինը եկավ Հայաստան. վճռորոշ հավաք․ Հակոբ Բադալյան

  • 19-02-2019 20:53:16   | Հայաստան  |  Վերլուծություն

Փետրվարի 19-ին Հայաստան է ժամանել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, որը այստեղ կմնա երեք օր եւ այդ ընթացքում հանդիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
 
Ինչն է Արամ Առաջինի այցի օրակարգում, մանրամասներ հայտնի չեն, սակայն Կիլիկիո Կաթողիկոսը Հայաստան է ժամանում կարեւոր մի ժամանակահատվածում, որն առնչվում է մերձավորարեւելյան ռեգիոնում Հայաստանի փաստացի նոր կարգավիճակին, որը գործնականում ունի լայն աշխարհաքաղաքական նշանակություն, նշանայնություն եւ ֆունկցիոնալություն:
 
Միաժամանակ, տեղի է ունենում ուժերի վերադասավորում, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորախմբի դուրսբերման մասին: Դրան զուգահեռ, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Մյունխենի անվտանգության Վեհաժողովում հայտարարեց այն մասին, որ չնայած այդ հանգամանքին, ԱՄՆ պահպանում է իր հետաքրքրություններն ու շահերը: Ինչպե՞ս են դրանք սպասարկվելու նոր իրավիճակում:
 
Փոխնախագահ Փենսը դեռեւս 2017 թվականին, մերձավորարեւելյան ռեգիոնի քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության եւ աջակցության խնդրով համաժողովի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ արդյունավետ չի համարում ՄԱԿ խողովակներով մարդասիրական առաքելությունը եւ դիտարկում է քրիստոնյա փոքրամասնություններին անմիջական, ուղիղ օժանդակության քաղաքականություն վարելու հարցը:
 
Հայաստանը փաստորեն սկսել է իրագործել հենց այն քաղաքականությունը, ինչի մասին ԱՄՆ փոխնախագահն էր հայտարարել դեռեւս 2017 թվականին: Հայաստանը ուղիղ աջակցություն է ցուցաբերում քրիստոնյա փոքրամասնություններից մեկին՝ հայկական համայնքին, սկսելով մարդասիրական առաքելություն Սիրիայում:
 
Այդ առաքելությունը ԱՄՆ քաղաքականության դիրքից գործնականում ստացվում է «բարիկադի այն կողմ», ինչի վկայություն էր դիտվում նաեւ դրան չաջակցելու մասին ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը, մյուս կողմից սակայն Հայաստանը Սիրիայում բարիկադի այս կամ այն կողմում չէ, այլ այնտեղ, որտեղ հայկական համայնքն է՝ ռեգիոնի քրիստոնյա փոքրամասնություններից մեկը: Ընդ որում, այդ իմաստով Հայաստանն արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշմանը, ԱԳՆ հայտարարության մեջ նշել էր. «Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով»:
 
Այդ ֆոնին իրավիճակն առավել ուշագրավ է դարձնում այն, որ ռուսական իշխանական մեդիափորձագիտական շրջանակներում սկսվում է Հայաստանում ամերիկյան «գունավոր հեղափոխության» մասին հիստերիայի հերթական ալիքը, թեեւ առերեւույթ տրամաբանությունը հուշում է, որ պետք է լիներ հակառակը՝ Մոսկվայում գոհ լինեին Հայաստանի սիրիական առաքելությունից, ու նաեւ նրանից, որ այդ առաքելությունից դժգոհ է ԱՄՆ:
 
Բայց, Մոսկվայում, իշխանամերձ մի շարք մեդիափորձագիտական օղակներում, լիովին հակառակ վարքագիծ է՝ Հայաստանի «ամերիկանացման» հիստերիա կամ դրա հերթական ալիք: Թերեւս ի տարբերություն հայկական հանրության մի ստվար զանգվածի, Ռուսաստանի քաղաքական հանրության ստվար զանգվածը հասկացել է, որ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը ձեւով էր Հայաստանին ուղղված, իսկ բովանդակությամբ եւ համատեքստով այն ուղղված էր Ռուսաստանին եւ, հաշվի առնելով նաեւ Փենսի 2017 թվականի հայտարարության տրամաբանությունը, քաղաքական իմաստով դե ֆակտո ստացվում է, որ մինչ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան քննարկում են ամերիկյան զորքի դուրսբերումից առաջացող վակուումը լրացնելու տարբերակները, այդ վակուումը յուրօրինակ կերպով լրացնում է Հայաստանն իր մարդասիրական առաքելությամբ, գործնականում ստեղծելով նոր իրավիճակ:
 
Այն իր կարեւորությամբ եւ նշանայնությամբ հանդերձ Հայաստանը բարձրացնելով աշխարհաքաղաքական դերակատարության նոր աստիճան, միաժամանակ բերում է իհարկե նաեւ այդ դերից բխող ոչ միայն հնարավորություններ, այլ նաեւ պատասխանատվություն եւ մարտահրավերներ: Եվ այստեղ անկասկած կարեւոր է, որ Հայաստանը շարունակի խաղալ իր դերը, ոչ թե խաղացնեն Հայաստանին:
 
Այս տեսանկյունից առաջիկայում կարեւոր նշանակություն կունենա Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, եւ սա մյուս հատկանշական հանգամանքն է, որ ուղեկցում է Արամ Առաջինի հայաստանյան այցը: Դրա ընթացքում օրակարգն ըստ ամենայնի պարփակված է լինելու Հայաստանի նոր դերում համահայկական նոր ռազմավարության շուրջ քննարկումներով, Մյունխենի անվտանգության համաժողովից հետո, որը կազմակերպիչները հռչակել էին ամենակարեւորը անցնող հիսնամյակում, եւ որտեղ Հայաստանը ներկայացնող նախագահ Արմեն Սարգսյանը կարեւոր հարց էր ուղղել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին՝  առաջադրվելու՞ եք ԱՄՆ նախագահի թեկնածու:
 
Հակոբ Բադալյան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն