Կարեն Կարապետյանը վերադառնո՞ւմ է․ նախկին վարչապետի ակտիվության նոր ալիքը


Կարեն Կարապետյանը վերադառնո՞ւմ է․ նախկին վարչապետի ակտիվության նոր ալիքը

  • 19-02-2019 22:06:37   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Կարեն Կարապետյանը Ծառուկյանի խնամու ամառանոցում հավաք է կազմակերպել
 
Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաև նախկին նախարարներ և մարզպետներ»:
Օրաթերթի տվյալներով՝ հավաքի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակում գործելու հնարավորությունները, այդ թվում՝ միասնական թիմով հանդես գալու միջոցով:
 
Եզրակացությունը կլինի հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի. նոր վտանգներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բնապահպանները տևական ժամանակ պայքարում էին Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ՝ պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Պարզվում է, սակայն, այսօր, երբ հանքավայրի գործունեությունը դադարեցված է, բնապահպանական խնդիրները ոչ միայն չեն չեզոքացել, այլև նոր վտանգներ են ի հայտ եկել: Մասնավորապես, ըստ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության` ձմռան այս ամիսներին Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ, բայց շրջափակման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել մակերևութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները:
 
Նրանց պնդմամբ` այս աշխատանքները պետք է իրականացվեին մինչ ձյան տեղումները, մինչդեռ հանքավայրը շրջափակված է, կառավարությունը քայլեր չի ձեռնարկում ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ, և «Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, թե շրջակա միջավայրի, ջրի և օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը:
 
Կառավարությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը և բնապահպանական տեսչությունը, դեռ չեն արձագանքել «Լիդիան Արմենիային»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջիկայում նշանակված միջազգային փորձաքննությունից հետո շարունակելու է իր գործունեությունը ՀՀ-ում, քանի որ եզրակացությունը լինելու է հօգուտ իրենց:
 
Մինչ այդ նկատենք, որ այս ընկերությունը 2018 թվականին, 2017-ի համեմատ, ավելի քան 3 մլրդ 132 մլն դրամով նվազեցրել է հարկերը: Եթե 2017թ. նրանք 16-րդ խոշոր հարկատուն էին, վճարել էին 7.8 մլրդ դրամ, ապա 2018 թ. նրանց վճարած հարկերը կազմել էին 4.7 մլրդ դրամ` խոշոր հարկատուների մեջ զբաղեցնելով 33-րդ տեղը»:
 
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագահի ընտրություններում. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում: Իհարկե, Քոչարյանը Արցախում մշտական բնակության ցենզի հետ խնդիր ունի, բայց եթե նա 1998թ. գտավ մի ԺԷԿ-ի պետ, որը նրան մշտական բնակության կեղծ տեղեկանք տվեց, ապա նույնը կարող է անել նաև ԱՀ-ում:
 
Կա մի այլ տարբերակ ևս, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը, որի համար պետք է ԱՀ ընտրողների 10 տոկոսի, այսինքն՝ 10 հազարի չափ ստորագրություն հավաքել: Այդ ճանապարհով է ուզում գնալ նաև ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, բայց եթե Քոչարյանը որոշի առաջադրվել, Բաբայանը կարող է պաշտպանել նրան»:
 
Հոգևորականների և ակտիվիստների միջև բախումը կանխել է ոստիկանական մեծ «բանակը». «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ակտիվիստները կրկին բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ վեհափառի հրաժարականի պահանջով։
Մենք տեղեկացանք, որ եկեղեցու հոգևոր սպասավորների ու ակտիվիստների միջև բախումը կանխվել է միայն ոստիկանական մեծ «բանակի» միջամտությամբ, որոնք նախապես տեղեկացված լինելով ակցիայի մասին՝ «դարանակալել» են եկեղեցու մատույցներում։
 
Ոստիկանները կանխել են եկեղեցու սպասավորների ու ակտիվիստների բախումը։ Շարժման ակտիվը որոշել է ամեն շաբաթ ակցիաներ իրականացնել»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն