Ստեփանակերտյան կլանի զոհերը...Այն մասին, թե ինչպես են վերաբնակեցման ծրագիրը ծառայեցնում սեփական շահերի
20-02-2019 15:30:49 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Նորություն չէ, որ Հայաստանյան փոփոխությունները Արցախ չեն հասել և որ այնտեղ կառավարումը շարունակվում է հին բարքերով և մեթոդներով:
Արցախում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին են բարձրաձայնում հատկապես Քաշաթաղի շրջանի վերաբնակիչները, ովքեր Ստեփանակերտյան ռեժիմի կողմից տարիներ ի վեր թմբկահարվող վերաբնակեցման ծրագիրը միֆ են համարում՝ բարձրաձայնելով ստեղծված խնդիրների մասին:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մամուլի ծառայություն է դիմել Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի վերաբնակիչ Վրեժ Հարությունյանը: Վերջինս իր ընտանիքի հետ միասին դարձել է Արցախում վարվող հատուկ քաղաքականության զոհերից մեկը:
Բացի այն, որ ներքին կարգով ընդունված որոշմանը համապատասխան այս և մյուս վերաբնակված ընտանիքներին վերաբնակչի կամ որևէ այլ իրավական կարգավիճակ չեն տվել, ինչի հետևանքով նրանք զրկվել են իրենց քաղաքական, քաղաքացիական և տնտեսական բոլոր իրավունքներից, նաև այս և շատ այլ վերաբնակիչ ընտանիքների նկատմամբ վարել և վարում են կեղեքիչ քաղաքականություն: Հարությունյանների ընտանիքից, օրինակ, որ Քաշաթաղի շրջանում հիմնավորվել է 1998-2000 թթ, նախորդ տարիների ընտացքում խլել են այն ամենը, ինչով ապրում և գոյատևում էին` աշխատանք, հողակտոր և այլն:
Պատճառներն ակնհայտ են. Արցախում իշխանություն զբաղեցնող անձինք պարզապես չեն հանդուրժում սեփական կարծիք, դիրքորոշում ունեցող այն հայրենակիցներին, ովքեր իրենց էությամբ կամակատար չեն, չեն ենթարկվում իշխող քաղաքական ուժի հրահանգներին. Պարզ ասած` չեն տեղավորվում ստեփանակերտյան կլանի քաղաքական ուղեծրում:
Վրեժ Հարությունյանը Քաշաթաղի շրջանի այն համարձակ վերաբնակիչներից է, ով իր ընտանիքի հետ միասին մեկ տարուց ավելի պայքարում է Ստեփանակերտյան ռեժիմի և Քաշաթաղի վարչակազմի ապօրինությունների դեմ` մերժելով լռության դիմաց առաջրկվող բոլոր տեսակի գործարքները:
Չնայած հեռացվել է աշխատանքից, զրկվել 2.5 հա հողակտորից, այնուամենայնիվ հրաժարվում է համալրել իշխող Ազատ հայրենիք կուսակցության ընտրազանգվածը, հալածվում է նաև Արցախը Հայաստանին միավորելու իր սեփական դիրոքորոշման համար:
Նա կոնկրետ իր օրինակով ներկայացնում է Արցախում տիրող ընդհանուր մթնոլորտը. եթե լռում ես և առաջ տանում իշխանությունների տեսակետը, օգտվում ես վերաբնակեցման ծրագրի որոշ արտոնություններից, իսկ եթե ոչ, ապա հալածվում ես ամենատարբեր մեթոդներով,- հայտարարում է Վրեժ Հարությունյանը: Սա Արցախում շատերը թեպետ համատարած խնդիր են համարում, սակայն խուսափում են բարձրաձայնել, քանի որ տիրող ապօրինությունների մասին խոսել` կնշանակի կորցնել ամեն բան և ստիպված լինել հեռանալու ազատագրված տարածքներից:
Այս քաղաքականությամբ են առաջնորդվում և իշխանություն պահում Արցախում: Նրանց համար վերաբնակեցման ծրագիրն ընդամենը միջոց է, որը ծառայեցնում են սեփական շահերին:
Այս կեղծիքի և ապօրինության դեմ պայքարող Վրեժ Հարույթունյանը, սակայն, չի պատրաստվում նահանջել, և պնդում է, որ հաջողության հասնելու իր փորձերը կշարունակի առաջիկայում ևս, որպեսզի իր ու իր ընտանիքից խլվածը հետ բերի:
Նա վստահ է` եթե իրեն դա հաջողվի, ապա իր օրինակին Արցախում շատերը կհետևեն, քանի որ քիչ չեն այն ընտանիքները, որոնք տուժել են, սակայն վախենում են այդ մասին բարձրաձայնել: Ստեփանակերտյան կլանի զոհերը մեծաթիվ են, ովքեր համակարգային փոփոխությունների ակնկալիքով են ապրում:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության մամուլի ծառայություն