«Իմ կինը սեփական բժշկական կենտրոն չունի, ես էլ՝ որևէ բիզնես». Արսեն Թորոսյան


«Իմ կինը սեփական բժշկական կենտրոն չունի, ես էլ՝ որևէ բիզնես». Արսեն Թորոսյան

  • 20-02-2019 16:57:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին քննարկման թեմա դարձած հարցին, որ որոշ բժշկական կենտրոնների պետպատվերը բարձրացվել է, որոշներինն էլ իջեցվել:  Նախարարի անվան հետ է կապվում «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը, մամուլի հրապարակումների համաձայն՝ ԲԿ-ի սեփականատերը նախկինում Արսեն Թորոսյանն էր, իսկ այսօր նրա կինն է ղեկավարում այն: «Իմ կինը սեփական բժշկական կենտրոն չունի»,- ասաց Թորոսյանը: Նա հերքեց նաև, որ ինքն է եղել սեփականատերը, ասաց, որ նախկինում ուղղակի «ՄԻԲՍ» տնօրենն է եղել: «Ես առնչություն չունեմ որևէ ԲԿ-ի հետ, որևէ ԲԿ-ի, ընդհանրապես որևէ բիզնեսի սեփականատեր չեմ»,- հավելեց Թորոսյանը:
 
Այն, որ «ՄԻԲՍ» ԲԿ-ին այս տարի հատկացված պետպատվերը ավելի քան կրկնակի աճել է՝ 25 մլն դրամից հասնելով 57 մլն-ի, նախարարը մեկնաբանեց, որ 2017 թվականին այդ կենտրոնն ընդհանրապես պետպատվեր չի ստացել, 2018 թվականի մարտին է ստացել 24 մլն դրամ, եղել է ամենաքիչ պետպատվեր ստացած կենտրոնը:
 
«2019 թվականի պետական բյուջեով եղել է մոտավորապես 10 մլրդ դրամի աճ, հետևաբար, գրեթե բոլոր բժշկական կենտրոններն ստացել են ավելի շատ պետպատվերի գումար, քան ստացել էին 2018 թվականին: Ընդամենը մի քանի կենտրոն Երևանում ստացել են քիչ, որովհետև գումարների բաշխումը կատարվել է սկզբունքով, թե իրենք ինչքան ծառայություն են մատուցել անցյալ տարի, նաև վճարովի: Եվ Աստղիկ, Էրեբունի, Արաբկիր բժշկական կենտրոններում, նույնիսկ Հանրապետական հիվանդացում բոլորի մոտ եղել է բյուջի աճ: Եվ այդ աճերը վերանայվելու են նաև տարվա ընթացքում, հնարավոր է լինեն իջեցումներ կամ բարձրացումներ տարբեր ԲԿ-ներում: Այս տարի նոր ծրագրեր են ներդրվել, օրինակ, կաթվածի ծրագիրը հավելյալ գումարներ է ուղղել Առաջին հիավանդանոցին ու Էրեբունի ԲԿ-ին»,- ասաց նա:
 
Թորոսյանի խոսքով՝ պետպատվերի գումարի մեծ իջեցումներ են են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում: Հիշեցնենք, որ այս ԲԿ-ի պետպատվերի գումարը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 1 մլրդ դրամով: Հարցին, թե կենտրոնի պետպատվերի գումարը հատո՞ւկ է իջեցվել, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Հատուկ բարձրացվել էր նախկինում: Հիմա, քանի որ կատարողականը նշած է եղել, 1 մլրդ դրամ քիչ են ծախսել նախկինում»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը