Կազմավորվում է ՀՀ ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդ

20-02-2019 16:49:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1552-Լ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով և ի կատարումն ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված Խորհրդի աշխատակարգի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց: Հասարակական խորհրդի կազմավորման նպատակներից է խթանել հանրային մասնակցությունը և բարձրացնել ԱԻ նախարարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
 


Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով մինչև սույն թվականի մարտի 15-ը կազմակերպությունները և անձինք (ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին ներկայացնում են դիմում` Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումին կցվում են ներկայացված պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր: 
 
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ
անձինք, որոնց գործունեության
բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են Նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են ստանում Նախարարությունից (դրամաշնորհի կամ ծառայությունների մատուցման միջոցով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն):
 
Ելնելով Նախարարության գործունեության առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը կարող է Նախարարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին կամ անձանց ընդգրկել Խորհրդի կազմում պատճառաբանված որոշման հիման վրա:
 
Հայտերն ուղարկել [email protected] էլ. փոստով, փոստով՝ ք. Երևան,Դավիթաշեն 4-րդ թաղ. Ա. Միկոյան 109/8:
 
Տեղեկությունների համար զանգահարել 012-31-77-20 հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 358 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար