Փոխնախարարներն ընդունել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ամերիկյան փորձին ծանոթացած խմբի անդամներին


Փոխնախարարներն ընդունել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ամերիկյան փորձին ծանոթացած խմբի անդամներին

  • 20-02-2019 18:21:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը և Արտակ Ասատրյանն այսօր ընդունել են Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության քրեական արդարադատության շուրջ գործակցության և գործընկերության ծրագրին մասնակցած խմբի անդամներին: 
 
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Հանրային պաշտպանի գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներից կազմված խմբի անդամները փոխնախարարներին  ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ոլորտում Միացյալ նահանգներում առկա փորձը:
 
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ պատրաստակամ են համագործակցելու և փորձի փոխանակման շրջանակներում խմբի անդամների ստացած գործնական գիտելիքներն ի նպաստ ծառայեցնելու այլընտրանքային խափանման միջոցների կիրառման մեխանիզմները Հայաստանում առավել կատարելագործելուն:
 
Ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների համատեքստում փոխնախարար Քրմոյանը խմբի անդամներին ներկայացրել է առաջիկայում Պրոբացիայի էլեկտրոնային ծառայության ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչի արդյունքում կմեկտեղվեն պրոբացիայի շահառուների վերաբերյալ էլեկտրոնային այլ հարթակներում առկա տեղեկությունները:
 
Խմբի անդամները ներկայացրել են ամերիկյան մինչդատական ծառայության գործունեության մեխանիզմները և ունեցած գործիքակազմը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում կիրառվող «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցի առավել գործուն և վերահսկելի մեխանիզմների ներդրման, ինչպես նաև տնային կալանքի ինստիտուտի ներդրման հնարավորություններին և մի շարք այլ հարցերին:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն խմբի անդամների ներկայացրած հայեցակարգային դրույթների ուսումնասիրման արդյունքում առաջարկների առավել գործնական կիրառության շուրջ նոր հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play