Առաջ քաշված կանխավարկածը հիմնազուրկ է և մանիպուլյատիվ. ԵՊՀ պատասխանը՝ ոստիկանությանը

20-02-2019 18:26:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Երևանի պետական համալսարանում ենթադրյալ չարաշահումների բացահայտման վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից այսօր տարածված հաղոդագրությամբ և տեսանյութով տրամադրված տեղեկատվության կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
 


Երևանի պետական համալսարանի թվով 18 աշխատողների կողմից աշխատանքի չներկայանալու, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում գրառում կատարելու և մոտ 18 միլիոն ՀՀ դրամի չափով հափշտակություն կատարելու հայտարարության վերաբերյալ հայտնում ենք
, որ պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողի վարձատրության չափը որոշվում է նրա տարեկան ուսումնական ծանրաբեռնվածությամբ, ինչը հիմք է հանդիսանում կատարված աշխատանքի դիմաց վարձատրության համար:
 
Ուսումնական ծանրաբեռնվածության մեջ ներառված որոշ աշխատանքներ (կուրսային, դիպլոմային աշխատանքների ղեկավարում, մագիստրոսական, գիտական թեզի ղեկավարում և այլն) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության պայմաններում հնարավոր է կատարել նաև առանց համալսարանում ֆիզիկապես
գտնվելու (հեռավար մեթոդով): Պաշտոնապես հայտարարում ենք, որ համալսարանի որևէ աշխատողի աշխատավարձ չի վճարվել առանց հաստատված ուսումնական ծանրաբեռնվածության լիարժեք կատարման, ինչը թույլ է տալիս միարժեքորեն պնդել, որ առաջ քաշված կանխավարկածը հիմնազուրկ է և մանիպուլյատիվ:
 
Երևանի պետական համալսարանի վարձակալների կողմից վարձավճարների վճարման և դրանք սահմանված կարգով չմուտքագրման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: ԵՊՀ վարձակալների կողմից վարձավճարները սահմանված կարգով վճարվել են համալսարանին և դրանց տրվել է օրենքով սահմանված ձևակերպումներ: Այդ կապակցությամբ մանրամասն պարզաբանումները և ապացույցները ներկայացվել են ոստիկանությանը:
 
Ինչ վերաբերում է տեսանյութում ԵՊՀ պաշտոնատար անձին վերագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներին, այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ակնարկվող պաշտոնատար անձի կողմից կտրականապես մերժվում է նշված տեղեկատվության համապատասխանությունն իրականությանը, և գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության հայտարարության այդ հատվածում տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում:
 
Նման պայմաններում կոչ ենք անում ոստիկանությանը, զանգվածային լրատվամիջոցներին և հանրությանը ձեռնպահ մնալ հարուցված քրեական գործի վերաբերյալ չհիմնավորված հայտարարություններ կամ մեկնաբանություններ կատարելուց, հարգել մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը և սպասել քրեական գործով վերջնական որոշման կայացմանը: Միաժամանակ հուսով ենք, որ այս գործով կիրականացվի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն և կփարատվեն հասարակության չհիմնավորված կասկածները»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 485 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար