Վարչապետը պետք է հրաժարական տա, քանի որ ավանդական ընտանիք ունի՞

21-02-2019 12:01:11   | Հայաստան  |  Իրավունք
Հրապարակվեց հերթական «բոմբ» նյութը:
 


Ըստ «բոմբ» նյութ հրապարակած հոդվածագրի, նյութը պետք է ալեկոծեր հասարակությանը, ժողովուրդը պետք է դուրս գար փողոց և անմիջապես պահանջեր Փաշինյանի հրաժարականը, քանի որ նյութով բացահայտվել էր, որ նա ընտանիք ունի, ավելին բավական չէ  Վարչապետը ընտանիք ունի,այլ նաև այն ավանդական է:
 
Պատկերացնում էք ի՞նչպիսի խայտառակություն:
 
Մեջբերեմ «բոմբ» նյութից ամենակարևոր և սուր հատվածը՝
 
«Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոս
են մեկնել նաև նրա ընտանիքի անդամները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝  Աննա Հակոբյանը պետական միջոցների հաշվին չորս օր գիշերել է Շվեցարիայի մայրաքաղաք Ցյուրիխի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում»:
 
Վերլուծենք «բոմբ»նյութը:
 
Նյութից պարզ է, որ Դավոս է մեկնել ՀՀ Վարչապետը:
 
Բնական է, որ ՀՀ Վարչապետի արտասահմանյան այցերը պետք է ֆինանսավորվեն ՀՀ Բյուջեից:
 
Աննա Հակոբյանը ՀՀ Վարչապետի օրինական կինն է և եթե նույնիսկ մեկնել է իր ամուսնու հետ Դավոս , ապա բնական է , որ ամուսնու հետ միասին պետք է բնակվի նույն համարում, այ հակառակը կլիներ անտրամաբանական:
 
Հավանաբար հոդվածագիրը , երբ իր ընտանիքի անդամի հետ արտերկիր է մեկնում, իրեն ճոխություն է թույլ տալիս և առանձին համարներ են վերցնում:
 
Արձանագրենք՝ որ ի տարբերություն «բոմբ» նյութ հրապարակած հոդվածագրի Վարչապետը իրեն շռայլություն թույլ չի տվել և «ստիպված» իր կնոջ հետ բնակվել է նույն համարում:
 
Իսկ թե ՀՀ Պետ Բյուջէից, վերը նշված գործուղման մասնակիցներից ում ծախսերն են հոգացել, նույնպես գաղտնիք չէ:
 
ՀՀ Վարչապետի 17 Հունվարի 2019թ-ի, 47 – Ա , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշումը և հավելվածը օրենքի տառին համապատասխան հրապարակված https://www.e-gov.am կայքում:
Որոշումը ՝https://www.e-gov.am/decrees/item/19734/ 
Հավելվածը՝ https://www.e-gov.am/…/file/decrees/varch/2019/01/19_047.pdf 
 
ՀՀ Վարչապետի 17 Հունվարի 2019թ-ի, 47 – Ա որոշմանը վերը նշված հղումներով ծանոթանալուց հետո, ակնհայտ է դառնում, որ Աննա Հակոբյանը գործուղված անձանց ցանկում չկա, ինչը նշանակում է, որ եթե նա նույնիսկ իր ամուսնու հետ մեկնել է Շվեյցարիա, ապա նրա հյուրանոցային և գնումների ծախսերը Պետական միջոցներից կատարվել չեն կարող և չէին էլ կարող կատարվել:
 
Խոսքս «բոմբ» նյութ հրապարակած հոդվածագրին ուղղելով ամփոփեմ՝
 
Հասկացեք վերջապես, որ մենք արդեն մեկ տարի է ապրում ենք Նոր Հայաստանում և Նոր բարքերով:
 
Ըստ այդ բարքերի՝
 
-ՀՀ Վարչապետի կինը իրավունք
ունի բնակվել իր ամուսնու հետ նույն տանը, նույն հյուրանոցային համարում, ճաշել նրա հետ նույն սեղանից, նստել նրա հետ նույն ավտոմեքենայում, ավելին, նույնիսկ իրավունք ունի հոգ տանել իր ամուսնու և երեխաների մասին:
 
Ես իհարկե ցավակցում եմ «բոմբ» նյութ հրապարակած հոդվածագրին, հասկանում եմ, որ իր տեսակին խորթ է վերը նշվածը, բայց նաև խորհուրդ եմ տալիս վերջապես ընկալել, որ Նոր Հայաստանում այլևս այդպես է լինելու ՝ հասարակությունը առողջ է լինելու, ընտանիքները միասնական են լինելու, քանի որ հասարակության բջջիջը դա ընտանիքն է:
 
Հ.Գ
Ըստ հավաստի տեղեկությունների հրապարակման է պատրաստվում հերթական ԲՈՄԲ նյութը:
 
«Աննա Հակոբյանը պետական միջոցների հաշվին նախաճաշել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ» վերնագրով:
 
Իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1689 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար