ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել քրեակատարողական վարչությունում՝


ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել քրեակատարողական վարչությունում՝

  • 21-02-2019 15:41:18   | Հայաստան  |  Իրավունք

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն հայտնող ազատազրկվածներին հանդիպելու նպատակով:
 
Արտակ Բեգլարյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջել է փակ, կիսափակ և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում և քննչական մեկուսարանում՝ հանդիպելով դատապարտված և կալանավորված բոլոր անձանց հետ: Այցի ընթացքում ազատությունից զրկված շուրջ 20 անձինք առանձնազրույցի ցանկություն են հայտնել, և քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ապահովվել է մեկուսի զրույցի հնարավորություն:
 
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքին՝ կարևորելով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով կիրառվող մեխանիզմների անընդհատ բարելավումը: Նա իր վճռականությունն է հայտնել համապատասխան ջանքեր գործադրելու այդ ուղղությամբ՝ և՛ մշտադիտարկման ու իրազեկման աշխատանքների, և՛ արձանագրված խնդիրներին պատշաճ գնահատական տալու միջոցով:
 
Այցի ժամանակ Պաշտպանը քննության է առել նաև ազատազրկված անձանց հաղորդակցության, տեսակցության, բժշկական սպասարկման և մի շարք այլ հարցեր՝ նախնական քննարկումներ ունենալով քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:
 
Դիտարկման աշխատանքների ու առանձնազրույցների արդյունքում արձանագրվել են մարդու իրավունքների մի շարք անհատական և ընդհանրական ենթադրյալ խախտումներ, որոնց վերջնական գնահատական և հնարավոր լուծումներ տալու նպատակով ՄԻՊ աշխատակազմը սկսել է լրացուցիչ ուսումնասիրություններ: Հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո Պաշտպանը հանդես է գալու համապատասխան առաջարկներով և նախաձեռնություններով:
 
 
 
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play