«Քո արվեստը»՝ անիմաստ ապուշություն. Panorama.am


«Քո արվեստը»՝ անիմաստ ապուշություն. Panorama.am

  • 21-02-2019 18:50:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Դա ապուշություն է»,- այսպես պատասխանեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն  Զավեն Սարգսյանը Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք «Քո արվեստը» ծրագրի մասին, ըստ որի՝  կտավները թանգարաններից տարվեն դպրոցներ և ցուցադրվեն աշակերտներին։
 
«Անիմաստ, հիմար ինչ-որ բան է, մենակ չհասկացող մարդիկ կարող են այդպիսի բան խոսել։ Չի կարելի այդպիսի բան անել, անիմաստ գործ է։ Կարելի է լեկցիաներ կարդալ, ռեպրոդուցիաներով ցուցահանդես անել, ոչ թե նկարը տանել թանգարանից։ Ոչ մեկը լավ նկար չի տանի թանգարանից որևէ տեղ։ Իմաստ չկա դրա մեջ։  Չհասկացողները ասում են՝ ինչ լավ բան են մտածել, բայց դա ասում են մարդիկ, որոնք ոչ մի բան չեն հասկանում այդ գործից, ցավոք սրտի,  հասկացողին էլ չեն հարցնում՝ ի՞նչ եք կարծում՝ արժի այսպիսի բան անել կամ կարելի՞ է անել, թե ոչ։ Իհարկե, չի կարելի։ Ո՞վ է հսկելու այդ նկարը։ Տանեն ցույց տան, հետ բերե՞ն, ո՞ր ինչ»,- ասաց նա։
 
Զ. Սարգսյանն ընդգծեց, որ երբեք չի տա իրենց թանգարանից, որ տանեն, դրա իմաստը չկա։
 
«Այժմ երեխաներն օգտվում են ինտերնետից։ Եթե պետք է լինում, մտնում են, նայում, հետաքրքրվում, մի օր էլ ծնողներին կասեն տանեն թանգարան,  իրենց հետաքրքիր է դա»,- նշեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենը։ 
 
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, այժմ տնօրենի խորհրդական Անուշ Տեր-Մինասյանն արվեստի գործերը թանգարաններից դպրոցներ տանելու ծրագրին կտրականապես դեմ է:
 
«Առաջինը, դա շատ վտանգավոր է արվեստի գործերը վնասելու տեսակետից, երկրորդը՝ շատ թանկ է, որովհետև անհրաժեշտ է համապատասխան փաթեթավորում, զինված ուղեկցում, հատուկ մեքենաներ, ինչի համար, եթե դրանից շատ ավելի փոքր գումարով կարելի է տոմսեր առնել և բաժանել դպրոցականներին: Երրորդը՝ մեկ «կտավ» տեսնելու փոխարեն թանգարանում երեխաները հնարավորություն կստանան տեսնելու և այլ նկարներ, և քանդակներ, և դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր, և՝ ամենակարևորը, զգալ և ճանաչել թանգարան այցելելու մշակույթը, դառնալ կրթված մարդիկ: Իսկ դպրոցներ պետք է տանել այդ կտաների և այլ գործերի պատճենները, կախել դրանք դպրոցների պատերին և ընդմիշտ թողնել այնտեղ, որ դրանք սովորական դառնան երեխաների համար, գեղագիտական դաստիակության հիմք դառնան: Դասախոսություններն էլ պետք է թանգարանուն կարդալ և դպրոցներում՝ օգտագործելով պռոեկտոր և էկրան, որի վրա կարելի է ցույց տալ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային արվեստի գործերը, որովհետև Լուվրից դժվար թե թույլ տան Երևանի դպրոց «կտավ» տանել»,- ասաց նա։
 
Ա. Տեր-Մինասյանի խոսքով, երեխաների համար թանգարանների տոմսեր առնելով՝ օգուտ կտան ոչ միայն երեխաներին, այլև թանգարաններին, որոնց մեծ մասը ծանր ֆինանսական վիճակում են:
 
Երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանը նույնպես դեմ է այդ ծրագրին։
 
«Թանգարանը դրա համար էլ թանգարան է, որ թանկ իրերն այնտեղ պահվեն հատուկ պայմաններում, հատուկ խոնավության, հատուկ լուսավորության պայմաններում։ Թանգարանից դուրս հանում են հազվադեպ դեպքերում, երբ կազմակերպում են շրջիկ ցուցահանդեսներ, կարող է տանեն այլ քաղաք։ Այդ դեպքում  ապահովում են ողջ անվտանգությունը, տեղում տարվում են այլ թանգարաններ։  Ի՞նչ է նշանակում տանել դպրոց, դա ի՞նչ բան է, չեմ հասկանում։ Չգիտեմ, թե  ինչ նկատի ունեն՝ արդյոք նաև շրջաններ, թե մենակ Երևանը։ Եթե միայն Երևանն է, ընդհանրապես աբսուրդ է, եթե նկատի ունեն շրջաններ գնալը, նույնպես սխալ է»,- նշեց նա։
 
Լ. Պիպոյանի խոսքով, շատ հանգիստ, առանց դրա, կարելի է դպրոցում կազմակերպել երեխաների գեղագիտական դաստիարակություն, բավական են պատկերագրքերը, մեծ չափերի իլյուստրացիաները, համապատասխան դասընթացերը։
 
«Արվեստի, գեղանկարչության, թատրոնի և դրամայի դասեր չունենք։ Ասենք վերցրեցին մի թանկարժեք նկար ու տանեն դպրոց, կախեցին։ Ի՞նչ է։ Դա փուչ նախաձեռնություն է, կեղծ ցուցամոլություն, իրականում չի նպաստում գեղագիտական դաստիարակությանը։ Եթե աշակերտները մինչև այդ կրթված, նախապատրաստված չեն, դա ոչինչ չի տալու իրենց։ Գեղանկարչություն հասկանելու համար պետք է կրթվել, իրենց պետք է կրթեն։ Արդյո՞ք կրթում են, թե ոչ։ Չեմ հասկանում, ինչ աբսուրդ է։ Ինչքան էլ ուզում են զրահապատ մեքենայով տանել, միևնույնն է վնասվելը կա, այն էլ դպրոցներում երեխաների վազվզոցի մեջ։ Կատարյալ հիմարություն է։ Չգիտեմ՝ ով է հեղինակը, շատ սխալ է»,- ասաց Լիլիթ Պիպոյանը։
 
Նշենք, այս ծրագիրը, որ կոչվում է «Քո արվեստը», նախաձեռնել են կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու  մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Ու ինչպես պարզվում է՝ վարչապետի հանձնարարությամբ. «Իմ ամենասիրած նախաձեռնությունն է։ Գիտեք, որ կրթության և մշակույթի նախարարությունները իմ հանձնարարությամբ, ես էլ եմ մասնակցել այդ գործընթացին, ձեռնարկել են «Քո արվեստը» ծրագիրը, որի իմաստն այն էր, որ մասնավորապես, շատ հայտնի կտավներ թանգարաններից տարվեն դպրոցներ և երեխաներին ցուցադրվեն։ Ընդ որում, այստեղ շատ լուրջ նպատակ ու գաղափարական նկատառում կա։
 
Գաղափարը հետևյալն է. պատկերացրեք, որ դպրոցի բակ է մտնում հատուկ ազդանշաններով, պետավտոտեսչության, անվտանգության ուղեկցությամբ մեքենա։ Այդ վիճակում երեխաները սովորել էին տեսնել բարձրաստիճան պաշտոնյաների կամ, այսպես կոչված, օլիգարխների։ Կանգնում է մեքենան, և այդ մեքենայից դուրս է բերվում մի կտավ, ասենք՝ ինչ-որ չափի։ Ինչի համար է «թատրոնը», բեմադրվում այդ տեսարանը։ Մի բանի համար. երեխաների ուշադրությունը գրավելու այն փաստի վրա, որ ահա այս կտավը, որի վրա նկարված է, ունի այնպիսի արժեք, որի նկատմամբ ահա պետությունը, անվտանգության մարմիններն այսպիսի ուշադրություն են դարձնում»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play