Ռոբերտ Քոչարյանը պատրա՞ստ է. ԱԱԾ ուղերձը


Ռոբերտ Քոչարյանը պատրա՞ստ է. ԱԱԾ ուղերձը

  • 21-02-2019 18:59:00   | Հայաստան  |  Վերլուծություն

Մեզ ոչինչ չի կաշկանդում անել ստուգումներ, եթե լինեն այս կամ այն անձի արարքում հանցակազմի փաստեր, փետրվարի 21-ին հայտարարել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, կառավարության նիստից հետո ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին:
 
Հայտարարությունն ուշադրության է արժանի նրանով, որ ԱԱԾ պետն այդպես է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ն կքննի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում կատարված դեպքեր: Հասկանալի է հարցի շարժառիթը կամ համատեքստը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրները Քոչարյանի հանդեպ իրականացվող իրավական գործը գնահատում են իբրեւ քաղաքական հետապնդում, հաճախ բաց կամ անուղղակի ակնարկելով, որ իրավապահները որեւէ կերպ ձեռք չեն տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակահատվածը:
 
Այդ հարցում բաց շահառուներից է Հայ Յեղափոխական դաշնակցությունը, որի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այն բարձրացրել է ընդհուպ խորհրդարանի արտահերթ ընտրության մասնակից ուժերի առաջին դեմքերի հայտնի հեռուստաբանավեճին, երբ վարչապետ Փաշինյանը շոշափեց անցումային արդարադատության թեման:
 
Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենք դեմ են ընտրովի անցումային արդարադատությանը, եթե այն չի ներառելու ՀՀՇ իշխանության ժամանակահատվածը: Հասկանալի է, թե ինչու է այդ հարցում ՀՅԴ-ն ամենազգայուններից մեկը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը Ռուստամյանին արձագանքեց, որ անցումային արդարադատությունը պետք է ներառի բոլոր ժամանակահատվածները:
 
Այդ առումով բավական հետաքրքիր վիճակ է ստեղծվել նաեւ Մարտի 1-ի համատեքստում, այդ թվում երթի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության առումով: Փաշինյանը հայտարարել է, որ հուժկու երթը կլինի հիշատակի տուրք Մարտի 1-ի բռնության զոհերին, ավելացնելով նաեւ, որ հիշատակի տուրք կլինի քաղաքական բռնության բոլոր զոհերին:
 
Վարչապետի հայտարարությունը մի կողմից հույժ կարեւոր է եւ ընդգրկուն, խորքային իմաստ է տալիս նրա նախաձեռնությանը, մյուս կողմից իհարկե առաջացնում ճշգրտման կարիք, թե ինչ է նշանակում «բոլոր քաղաքական բռնությունների զոհ» հասկացությունը: Զոհ հասկացությունն ունի միայն ֆիզիկակա՞ն իմաստ, թե՞ ընդհանրական՝ տուժող իմաստով: Եվ ինչ ասել է քաղաքական բռնություն:
 
Օրինակ, Հայաստանում ե՞րբ են սկզբնավորվել քաղաքական բռնությունները: Կեղծված ընտրությունը քաղաքական բռնության ձե՞ւ է, թե ոչ: Հայաստանում ե՞րբ են սկսել կեղծել ընտրությունը:
 
Վարչապետ Փաշինյանը անում է կարեւոր սահմանում, որը սակայն կարեւոր արժեք կունենա հստակեցման եւ ամբողջացման դեպքում, թույլ տալով իսկապես խորքից մաքրել Հայաստանում քաղաքական օդը:
 
Այս համատեքստում էլ ուշագրավ է հնչում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունը: Ընդհանրապես, մի քանի ամիս առաջ նա հայտարարեց, որ սկսելու է հազվադեպ շփվել մամուլի հետ եւ քիչ երեւալ, որովհետեւ ԱԱԾ պետը պետք է քիչ լինի մամուլի առաջ: Ֆունկցիոնալ նրբությունների տեսանկյունից Արթուր Վանեցյանը լիովին իրավացի է: Միաժամանակ, այդ համատեքստում էլ իհարկե հարց է առաջանում՝ դրանից հետո շփումները նա կազմակերպում է այսպես ասած մտածված մարտավարությա՞մբ, ինչ որ մեսիջներ փոխանցելու համար, թե՞ պարզապես՝ շատ մեծ դադարներ չտալու համար:
 
ԱԱԾ պետը պարզապես իրավական ֆորմալությամբ է պատասխանել լրագրողների հարցի՞ն, թե՞ նաեւ նրբորեն զգալով, որ փաստորեն մեսիջ է հղում բոլոր նրանց, ովքեր հարց են տալիս, թե ինչու՞ նոր իշխանությունը չի զբաղվում Քոչարյանից առաջ ժամանակահատվածով: Արթուր Վանեցյանը փաստորեն ակնարկում է, որ դրա համար փաստեր են պետք, հանցակազմի օրինակներ կամ հաղորդումներ:
 
Ունե՞ն հարց տվողներն այդպիսիք, օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի առիթով նշել էր, թե նախկին իշխանության իրավական հարցերով զբաղվելու փոխարեն, ինքը գերադասել է երկիր կառուցել: Արթուր Վանեցյանը փաստորեն ակնարկում է, որ ԱԱԾ-ն պատրաստ է զբաղվել: Պատրա՞ստ է Ռոբերտ Քոչարյանը արձագանքել փաստերով:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play