Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

  • 23-02-2019 10:20:57   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

 
«Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպմանը ներկա են եղել Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան (Էնդի) Արմենյանը, Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Հայր Սասունը, «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» տնօրեն Արսինե Շիրվանյանը, որոնք ելույթներ են ունեցել:
 
Ի տարբերություն հայաշատ Լոս Անջելեսի հայ համայնքի, թեեւ տեղի համայնքը սակավաթիվ է, այնուամենայնիվ, մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է անկաշկանդ մթնոլորտում. Մխիթար Հայրապետյանին ուղղվել են բազմաթիվ հարցեր: Ներկաներից շատերի գնահատմամբ՝ իրենց համայնքն ինչ-որ չափով անտեսված է եղել, եւ այսօր իրենք ուրախությամբ են ընդունում Հայաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահին:
 
Մխիթար Հայրապետյանին ուղղված հարցերը բազմաբնույթ են եղել. դրանք վերաբերել են Հայաստանում հայտարարված տնտեսական հեղափոխությանը, ներդրումներին, անցումային արդարադատությանը, բնապահպանական խնդիրներին, կրթության ոլորտին, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի ձեւավորմանը եւ այլն:
 
Լաս Վեգասի հայ համայնքն ունի երկու շաբաթօրյա դպրոց, երկու եկեղեցի եւ գործող շուրջ մեկ տասնյակ համահայկական կառույցներ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play