«Շախմատ» առարկայի դասավանդման կողմանակից եմ. Արայիկ Հարությունյան


«Շախմատ» առարկայի դասավանդման կողմանակից եմ. Արայիկ Հարությունյան

  • 23-02-2019 11:55:46   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  խորհրդակցություն է անցկացրել «Շախմատ» առարկայի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող  աշխատանքային խմբի հետ Խ. Աբովյանի  անվան պետական հայկական մանկավարժական համալսարանում: Հանդիպմանը ներկա են եղել  Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մանկավարժական համալսարանի մասնագետներ: Հանդիպման նպատակը, ինչպես իր խոսքում նշել է նախարար Արայիկ Հարությունյանը,  շախմատի դասավանդման ընթացքում առաջացած խնդիրների քննարկումն ու դասավանդման արդյունավետության բարձրացումն է: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը «Շախմատ» առարկայի   դասավանդման կողմանակից է, սակայն միաժամանակ, ծնողների կողմից բարձրաձայնվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն: Մասնավորապես, դժգոհություններ են հնչում առարկայի գնահատման և տնային առաջադրանքների բարդության վերաբերյալ:
 
Նախարարին ներկայացվել են  մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված հետազոտության արդյունքները: Առարկայի ներդրման արդյունավետությունը մասնագետները  սկսել են ուսումնասիրել 2012 թվականից սկսած, այսինքն` ներդրմանը զուգահեռ: Կատարվել է բազմակողմ հետազոտություն` ինչպես է ազդում շախմատի ուսուցումը երեխայի մտածողության, վարքի և առաջադիմության վրա: Մասնագետների համոզմամբ` շախմատը օգնում է սովորողների մտածողության զարգացմանը, ինչպես նաև նպաստում ինքնուրույնությանը:  Առարկայի ուսուցումը դրական է անդրադառնում նաև  երեխաների ընդհանուր առաջադիմության վրա: Մասնավորապես, ուսումնասիրվել է, թե այլ առարկաներից ինչ առաջադիմություն ունեն 2-4-րդ դասարաններում շախմատ սովորած և չսովորած երեխաները: Արդյուքնները փաստել են` շախմատ առարկան սովորած երեխաներն ավելի բարձր առաջադիմություն են ցուցաբերել: Բացի այդ` 2-4-րդ դասարանների սովորողների շրջանում կատարված  հարցումների արդյունքներով  երեխաների մեծ մասը «Շախմատը» նշել են սիրված առարակների եռյակում: Հետազոտությունը կատարած մասնագետների գնահատմամբ` առարկայի դասավանդման հետ կապված հիմնական խնդիրները պայմանավորված են ուսուցիչների գործոնով: Նախկինում «Շախմատ» առարկայի դասավանդման փորձ չի եղել: Այն  դասավանդվել է խմբակի ձևով, որպես ֆակուլտատիվ պարապմունք: Նախկին խմբակավարները, որոնք հետագայում դարձան դասավանդող ուսուցիչներ, չէին տիրապետում ծրագրային նյութի դասավանդման մանկավարժական և մեթոդական հմտություններին:
 
 Շուրջ 1278  ծնողների շրջանում կատարված ընտրանքային  հարցման արդյունքները ցույց են տվել`  ծնողների 70 տոկոսը գտնում է, որ շախմատը նպաստում է տրամաբանության զարգացմանը, սակայն միաժամանակ նրանց մի մասը  դժգոհ է առարկայից, քանի որ տնային առաջադրանքները բարդ են և իրենք դժվարանում են օգնել երեխաներին: Մյուս դժգոհությունն այն է, որ աշակերտները հիմնականում շախմատից ավելի ցածր գնահատականներ են ստանում, քան մնացած առարկաներից, իսկ դա բացասական է անդրադառնում միջին գնահատականի վրա: Որպես տնային առաջադրանք տրվող խնդիրները ինքնուրույն կարողանում են լուծել երեխաների 38 տոկոսը, 62 տոկոսը դիմում է ծնողների օգնությանը, իսկ ծնողների 29 տոկոսը դժվարանում է օգնել երեխաներին: Հարցման ընթացքում ծնողները որոշ առաջարկություններ են ներկայցնել, այդ թվում նաև առարկայի ուսուցումը 3-րդ դասարանից սկսելու վերաբերյալ: Հարցման մասնակիցներից ընդամնեը 4-ն են առաջարկել` շախմատը հանել դպրոցից:
 
Հանդիպման ընթացքում նշվել է, որ այս պահին ընթացքի մեջ են մի քանի այլ հետազոտություններ ևս: Բացի այդ` «Շախմատ» առարկայի ներդրումը պետական կրթական ծրագրում առաջացրել է հետաքրքրություն միջազգային մասնագիտական և գիտական շրջանակներում:
Ամփոփելով հանդիպումը` Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն ընդգծել է, որ ի սկզբանե առարկայի ներդրման նպատակն եղել է ոչ թե շախմատիստներ պատրաստելը, այլ սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը նպաստելը:
Նախարարն առաջարկել է, հաշվի առնելով հետազոտության արդյուքնները, իրականացնել քայլեր առարկայական ծրագրի բարեփոխման ուղղությամբ:
 
Նախարարն առաջարկել է, հաշվի առնելով հետազոտության արդյուքնները, իրականացնել քայլեր առարկայական ծրագրի բարեփոխման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play