Մատչելի գյուղվարկերը «մեջք» ունեցողներին են տալիս. գյուղացիները դժգոհեցին Փաշինյանին


Մատչելի գյուղվարկերը «մեջք» ունեցողներին են տալիս. գյուղացիները դժգոհեցին Փաշինյանին

  • 16-03-2019 14:49:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Արարատի մարզի Ռանչպար համայնք կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղացիներին հորդորեց կոոպերացիաներ ստեղծել, համատեղ մշակել հողերը, որպեսզի կարողանան էժան գյուղվարկեր ստանալ:
 
 
Գյուղացիները դժգոհեցին, որ «ջահելությունը վարկերի տակ են, ջերմոցներում ինչ աշխատում, տանում վարկերն են փակում»: Ըստ գյուղացիների՝ նախկին իշխանութունների օրոք բարձր տոկոսներով ստացած գյուղվարկերը դեռ մինչև այսօր չեն կարողացել մարել: Վարչապետն ասաց, որ կդիտարկեն հարցը, որ նախկին բարձր տոկոսներով գյուղվարկերը հնարավորության դեպքում փոխարինեն ցածր տոկսներով վարկերով:
 
 
«Ինչո՞ւ կոոպերացիաներ չեք հիմնում, կոլեկտիվներ հիմնեք, լիզինգով տեխնիկա գնեք, վարկերի տոկոսներն էլ ավելի ցածր կլինեն: Պետք է ձեր միջից ընտրեք մեկին, որ այդ ամբողջ տնտեսությունը կառավարի: Թե չէ առանձին-առանձին չի լինի»,- ասաց Փաշինյանը:
 
Գյուղացիները դժգոհեցին, որ ցածր՝ 5 տոկոսով 10 մլն դրամի չափով գյուղատնտեսական վարկերն այսօր իրենց հասանելի չեն, դրանք ստանում են «մեջք» ունեցողները, սովորական գյուղացիներին չեն տալիս: «Ի՞նչ է նշանակում մեջք ունենալ»,- հարցրեց վարչապետը: Գյուղացիներն ասացին, որ մարզպետարանում ու գյուղապետարանում ծանոթ ունեցողներին են հասնում մատչելի վարկերը:
 
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ այդ վարկերն ստանալու համար գյուղացիները դասընթացների պետք է մասնակցեն, հավաստագրեր ստանան, որպեսզի այդ հավաստագրերով վարկեր ստանան: Ովքեր չեն մասնակցել դասընթացներին, ըստ մարզպետի, չեն կարող օգտվել այդ ծրագրից: Գյուղացիներն ի պատասխան պնդում էին, որ ծանոթ-բարեկամով դասընթացներին չմասնակցած մարդիկ մատչելի գյուղվարկեր են ստանում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը