Աստված չանի, որ մի օր հերթական զտումների ընթացքում գրվի, թե Անգլիայի քաղաքացին ՀՀ իշխանություններին և Ազգային ժողովի պատգամավորներին խաբելով դարձել է ՀՀ նախագահ․ Հրանուշ Խառատյան

16-03-2019 20:48:57   | Հայաստան  |  Մեկնաբանություն
Ազգագրագետ եւ հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուկյան էջում գրել է․
 


Կանգ առեք, պարոնայք, մենք չենք կարող շարունակել բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնել մեր հերոսներին:
 
Տիգրան Հայրապետյանը նաև ասաց, որ իշխանությունն ամեն կերպ փորձել է ջնջել Սեֆիլյանի անունը Արցախյան պատերազմի պատմության էջերից․ «Մեղադրական եզրակացությունում գրված է, որ Լիբանանի քաղաքացին եկել է Հայաստան հեղափոխություն անելու։ Պետք է հիշեցնեմ՝ մի ժամանակ Սեֆիլյանի անունը գրված էր դպրոցական գրքերում՝ որպես հերոս։ Վերջին երկու տարին հանվել է ինչ-որ մեկի թեթև ձեռքով։ Ինչո՞ւ։ Որովհետև Սեֆիլյանը անցանկալի անձ է իշխանության համար, նա չի ենթարկվում իշխանության խաղի կանոններին»։
 
Անդրանիկ Օզանյանի, Մովսես Սիլիկովի, Գարեգին Նժդեհի անունները վաթսուն տարուց ավել բացակայում էին հայոց պատմության էջերից: Անդրանիկի անունը խորհրդահայ մամուլում առնվազն երեսուն տարի հանդիպում է ՛՛դաշնակցական վիժվածք՛՛,
՛՛բանդիտ՛՛ ուղեկցությամբ: Հայաստանում շատերը զոհ գնացին չեկիստական կառավարմանը՝ միայն Անդրանիկին ծանոթ եղած լինելու կամ նրա կողմից գլխավորված զորամասում ծառայած լինելու համար: Գնդակահարության դատապարտված Վահան Թոթովենցի մեղադրականում Անդրանիկի մտերիմը լինելու պատիվը ներկայացված է որպես հայրենիքի դավաճանություն: "Գրական թերթում" Նաիրի Զարյանը, Քոչարը, Աբովը Թոթովենցին որպես ծանրագույն մեղադրանք անվանում էին "Անդրանիկի համհարզ": Մովսես Սիլիկովը Ռյազանի աքսորից հետո 1921-36թթ. ընթացքում երբեմն նույնիսկ հնավաճառությամբ է զբաղվել, չորս անգամ ձերբակալվել է, հինգերորդ ձերբակալությունից հետո՝ 1937-ին գնդակահարության դատապարտվել տրոյկայի կողմից, հինգ այլ սպաների հետ միասին: Որպես ՛՛ժողովրդի թշնամի՛՛: Գարեգին Նժդեհը մահացավ խորհրդային բանտում Վլադիմիր քաղաքում: Նրա անունը հանրային հնչեղություն ստացավ միայն ԽՍՀՄ կազմալուծումից հետո: Ժողովրդի այս "թշնամիներին՛՛ ազգովի ենք պարտական Զանգեզուրի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի պաշտպանության համար: Մեծ հաշվով՝ նույնիսկ Բաթումի պայմանագրով ստեղծված Հայաստանի համար: Անդրանիկին՝ նաև Նախիջևանի, հազարավոր արևմտահայերի, արևմտահայ որբերի փրկության համար: Արամ Մանուկյանին ՛՛ճիշտ ժամանակին՛՛ հաջողվեց մահանալ տիֆից: Նրանց դատողներից և դատապարտողներից ոմանք՝ Մուղդուսին, Ամատունին, Ակոպովը և այլք զոհ գնացին իրենց իսկ թակարդին, ոմանք էլ ծաղկեցին և առատ սերունդ տվեցին՝ այսօր Սեֆիլյաններին դատելու և դատապարտելու համար: Այսօր կրկին ՛՛զտելու ժամանակն է՛՛, հիսուն տարի հետո այս մասին կգրվի դասագրքերում:
Մոնթե Մելքոնյանին նույնպես հաջողվեց ճիշտ ժամանակին զոհվել, այլապես ընթացիկ զտումներով մի այլ մեղադրականով նա էլ կդառնար ՛՛ԱՄՆ քաղաքացին եկել է Հայաստան հեղափոխություն անելու՛՛։ Եթե չգրվի՝ ՛՛ահաբեկչության համար՛՛: 
Աստված չանի, որ մի օր հերթական զտումների ընթացքում գրվի, թե "Անգլիայի քաղաքացին ՀՀ իշխանություններին և Ազգային ժողովի պատգամավորներին խաբելով դարձել է ՀՀ նախագահ": 
Կանգ առեք, պարոնայք, մենք չենք կարող շարունակել բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնել մեր հայրենակիցներին և հերոսներին:
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3745 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար