Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին

18-03-2019 16:03:55   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:
 
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Նորին Սրբությունը նրան մաղթեց արդյունավետ գործունեություն ի նպաստ հայ-արաբական գործակցության առավել սերտացման: 
 
Զրույցի ընթացքում Վեհափառ
Հայրապետն ընդգծեց, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն` երախտագիտությամբ արձանագրելով նաև այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայորդիներ ապաստան են գտել արաբական երկրներում: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձ կատարեց երկու երկրների միջև այսօր առկա համագործակցությանը:
 
Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, խոսեց իր ծրագրերի մասին: Վերջինս Ամենայն Հայոց Կաթողիկոսին նաև տեղեկացրեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները 2019 թ. երկրում հռչակել են որպես հանդուրժողականության տարի: 
Այս առիթով Վեհափառ Հայրապետը և դեսպանն անդրադարձան պետությունների և ժողովուրդների միջև հանդուրժողականության ոգու հաստատման կարևորությանը՝ իբրև խաղաղ համակեցության երաշխիք, ինչպես նաև կրոնների դերակատարությանը մարդկային կյանքում սիրո, փոխադարձ հարգանքի և համերաշխության առատացման գործում: Կարևորվեցին այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 276 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար