Զգուշացում՝ լինելու է «թեժ ամառ». ՌԴ դեսպանի հայտարարությունը


Զգուշացում՝ լինելու է «թեժ ամառ». ՌԴ դեսպանի հայտարարությունը

  • 18-03-2019 16:11:00   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանը համարվում է որպես մեր գործունեության գլխավոր առաջնահերթություններից մեկը անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում։ Դա ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունն է «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման ճանապարհով» ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում:
 
Խորհրդանշական է, որ ՌԴ դեսպանի այդ հայտարարությունը հնչել է «Խոսրովի անտառ» արգելոցում: Հայաստանի բնապահպանության նախարարը ՌԴ դեսպանին շնորհակալություն է հայտնել 2017 թվականի ամռանն արգելոցում բռնկված հրդեհի մարմանն օժանդակելու համար:
 
2017 թվականի ամռանը Հայաստանում արտակարգ իրավիճակ էր, եւ անկասկած է, որ Երեւանն իր ուժով անկարող էր լինելու մարել հրդեհը եւ կանխել դրա գործնականում պետական ու ազգային աղետի վերածումը, եթե Ռուսաստանը չտրամադրեր հրշեջ օդանավը:
 
Մյուս կողմից իհարկե հարց է, թե արդյոք չէր գտնվի այլ օգնություն, արտերկրի ուրիշ գործընկերներից՝ անտառի հրդեհը մարելու հարցում, եթե Ռուսաստանը չտրամադրեր օդանավը:
 
Բոլոր դեպքերում, հրդեհը հաջողվեց մարել, կանխել դրա անշրջելի աղետաբերությունը: Սակայն առ այսօր պարզ չէ, թե ինչն էր հրդեհի պատճառը, ո՞վ կամ ի՞նչն էր Հայաստանը դրել ծանրագույն իրավիճակի առաջ: 2018 թվականի մարտին Հայաստանի Քննչական կոմիտեն, որն այն ժամանակ դեռեւս գլխավորում էր Աղվան Հովսեփյանը, հայտնեց հրդեհի առիթով քրգործը կարճելու մասին:
 
Մինչ այդ՝ 2017-ի վերջին, խորհրդարանում խիստ ուշագրավ հայտարարություն էր արել բնապապանության նախարար Արծվիկ Մինասյանը, նշելով, որ ամերիկացի գործընկերները ներկայացրել են արբանյակային լուսանկարներ, որոնցում երեւում է՝ Խոսրովի արգելոցում հրդեհը բռնկվել է միաժամանակ երեք տարբեր օջախներում, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա: Արդյո՞ք դա կարող էր լինել պատահականություն, թե՞ ԱՄՆ տրամադրած արբանյակային լուսանկարները պարզապես վկայում էին Հայաստանի դեմ դիվերսիայի մասին:
 
2017 թվականի այդ ժամանակահատվածում Հայաստանում ամառը եղանակային առումով բավականին թեժ էր: Միաժամանակ բավական թեժ էր նաեւ քաղաքական եղանակը, քանի որ Հայաստանը գտնվում էր իշխանության ձեւավորման 2018-ի շրջադարձային խնդրի «եզրագծում»:
 
Միաժամանակ ակնառու էր, որ Խոսրովի արգելոցի հրդեհի ընթացքում, երբ արտակարգ իրավիճակի եւ բնապահպանության նախարարությունները փորձում էին պայքարել դրա դեմ, թերեւս էլ ավելի ինտենսիվ էին ստեղծված արտակարգ իրավիճակում քաղաքական դիվիդենտների, կամ քաղաքական մրցակիցների հետ հաշիվներ մաքրելու փորձերը: Օրինակ, բավականին թեժ գրոհների էր ենթարկվում արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, թեեւ նա այդ հրդեհից ընդամենը երեք ամիս առաջ էր ստանձնել նախարարի պաշտոնը: Ընդ որում, հատկանշական էր մեկ այլ բան, որ նա թիրախավորվում էր իր նախկին պաշտոնում՝ ՊՆ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում ՆԱՏՕ հետ գործակցության աշխատանքում ներգրավված լինելու համար: Ինչու՞ էին Հայաստանում քարոզչական որոշ շրջանակներ հենց դրա համար թիրախավորում նախարարին:
 
Դրան զուգահեռ բավականին խորհրդավոր էր առաջին դեմքերի պահվածքը: Խոսրովում մոլեգնում էր հրդեհն ու դրա դեմ «անհավասար» պայքարը, մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը «հանգիստ» էին: Ավելին, կար տպավորություն, որ նրանք հենց «մրցակցում» էին «սառնասրտության» հարցում: Կարեն Կարապետյանը Մոսկվայում ծննդյան տարեդարձն էր նշել, հետո մեկնեց կարճատեւ արձակուրդ՝ Արցախ:
 
Սերժ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց հրդեհը մարելուց հետո: Հրդեհը մարելուց հետո «երեւաց» նաեւ Կարեն Կարապետյանը, որը իր հայտարարության մեջ հատուկ շնորհակալություն հայտնեց ՌԴ վարչապետ Մեդվեդեւին, թողնելով տպավորություն, որ հայտարարության բուն նպատակը հենց այդ շնորհակալությունն էր:
 
Մի քանի ամիս անց էլ՝ 2017-ի նոյեմբերին, հնչեց Արծվիկ Մինասյանի անակնկալ հայտարարությունն ԱՄՆ տրամադրած արբանյակային լուսանկարների մասին: Ավելին, 2018 թվականի դեկտեմբերին ԱԱԾ-ն տարածեց ուշագրավ տեղեկություն ԱՄՆ քաղաքացի ոմն Ռ.Ք-ի բացահայտման մասին, որը Հայաստանում պատրաստվում էր իրականացնել դիվերսիոն գործողություններ, այդ թվում «հրկիզումներ», իրավիճակն ապակայունացնելու համար: Արդյո՞ք դա որեւէ առնչություն ուներ Խոսրովի «հրկիզման» հետ, դժվար է ասել, սակայն 2018-ի մարտին Քննչական կոմիտեն հայտարարեց Խոսրովի գործը կարճելու մասին:
 
Ապահովագրվա՞ծ է Հայաստանը այդօրինակ «թեժ ամառներից»: Խոսրովի արգելոցում անտառային հրդեհների դեմ պայքարի առաջնահերթության մասին ՌԴ դեսպանի հայտարարությունը առիթ է խորհել այդ մասին: Ինչպիսին է լինելու եղանակային առումով ամառ 2019-ը, հայտնի չէ, սակայն կարծես թե կասկած չկա, որ քաղաքական եղանակի առումով ամառը «թեժ» է լինելու, կամ համենայն դեպս բավականին շոշափելի է ուժերի շրջանակը, որոնք կիրառում են այդ մարտավարությունն ու ձգտելու են առաջացնել որքան հնարավոր է շատ քաղաքական թեժության միաժամանակյա օջախներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն