Երբ կսկսվի պատերազմը. Բաքվի դաշնակիցները Հայաստանում

18-03-2019 16:49:03   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանում շարունակվում են բանավեճերն ու քննարկումները Արցախի խնդրում Հայաստանի կառավարության մոտեցումների ու քայլերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության շուրջ: Հայաստանը հայտարարել է Արցախի մասնակցության միջոցով բանակցության լիարժեք ձեւաչափը վերականգնելու ու միայն իրեն վերաբերող խնդիրների շուրջ բանակցելու մասին, ինչը դժգոհությամբ է ընդունվել Բաքվում եւ Հայաստանի նախկին վարչակարգի շրջանակներում: Իր հերթին, Մինսկի խումբն իր հայտարարության մեջ նպատակահարմար չի համարել «ձեւաչափը փոխելու» մտադրությունը, թեեւ ձեւաչափն իրականում փոխվել է ՀՀ նախկին վարչակարգի օրոք՝ Մինսկի խմբի թողտվությամբ:
 


Ի պատասխան, Հայաստանը կարող է միջնորդների առջեւ բարձրացնել հենց այս հարցը, քանի որ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների մեկնարկի փաստաթղթերում Արցախի ընտրված ներկայացուցիչները համարվում են բանակցության կողմ:
 
Սակայն միայն սա չէ բանակցային գործընթացում Հայաստանի ներկայիս խնդիրների պատճառը: Դրանք բազմաթիվ են եւ կապված են նախորդ երեք նախագահների վարած քաղաքականության հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Երեւանը ԱՊՀ կազմավորման փաստաթղթերով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց Արցախին բանակցությունից դուրս թողնելու մասին, իսկ Սերժ Սարգսյանն, իր իսկ խոստովանությամբ, համաձայնություն էր տվել Կազանի պլանին ու Արցախի տարածքները հանձնելուն:
 
Արցախյան հարցում քաղաքականությունն, այսպիսով, տանուլ է տրվել փուլ առ փուլ, ճանապարհ բացելով Բաքվի տարածքային ու պատերազմի իրավունքի համար: Այդ հանգամանքը Բաքուն փորձեց օգտագործել 2016-ի ապրիլին: Պետք է հասկանալ, որ պատերազմն օդից չի ընկնում, եւ ոչ էլ Բաքուն կարող էր ինքնագլուխ նման որոշում կայացնել: Տվյալ պարագայում պատերազմի համար անհրաժեշտ էին
հենց այդ
գործոնները՝ Հայաստանի իշխանության կողմից հրապարակային իր իրավունքների ճանաչումը, տարածքները հանձնելու պատրաստակամությունը, որոնք արդեն փաստարկ են դառնում միջնորդների կամ նրանցից մեկի առջեւ պահանջների համար: Ինչպես նաեւ երաշխիքներ, որ պատերազմը կդադարեցվի Բաքվին անհրաժեշտ պահին:
 
Ապրիլյան պատերազմն այս սխեմայի «դասական» ցուցադրական օրինակ էր: Ադրբեջանը տապալվեց հայկական բանակի՝ իր համար թերեւս անսպասելի դիմադրության արդյունքում, այդ ժամանակվա ռազմա-քաղաքական ղեկավարության տարօրինակ պահվածքի պայմաններում:
 
Ապրիլյան ռազմագործողություններում հայկական բանակի դիմադրությունը հայկական կողմին հնարավորություն տվեց քանդել այս սխեման եւ դուրս գալ շահեկան դիրքեր: Վիեննայի օրակարգը Արցախի սահմանների փաստացի ճանաչումն էր, ինչպես նաեւ Մոսկվա-Բաքու ավանդական քաղաքականության ավարտը: Սակայն մենք տեսանք, թե ինչ կատարվեց՝ Երեւանը փաստացի տեղի տվեց Վիեննայի օրակարգը չեղարկելու ռուս-ադրբեջանական պահանջին, որոնք ձգտում էին իրավիճակը վերադարձնել նախաապրիլյան տրամաբանության շրջանակ:
 
Հայաստանի նոր կառավարությունը այս սխեման ապամոնտաժելու փորձեր է կատարում, ինչն իհարկե դիսկոմֆորտ է առաջացնում միջնորդների մոտ: Իսկ Բաքվի դժգոհությունն առավել քան հասկանալի է: Հասկանալի է նաեւ իրավիճակը նախաապրիլյան տրամաբանության վերադարձնելու Հայաստանի նախկին վարչակարգի ձգտումը՝ դա դիտվում է պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն:
 
Եվ զուր չէ, որ այդ շրջանակները, նրանց մերձ քաղաքագետներն ու վերլուծաբանները լծվել են բանդագուշանքի, անվստահություն առաջացնելու, Արցախի դեմ դավադրություն ներկայացնելու գործին: Սա ոչ տեսակետ է, ոչ ընդդիմադիր գործունեություն, սա կոչվում է այլ անունով, որի քաղաքական եւ իրավական գնահատականը պետք է անպայման տրվի:
 
Այլապես, անհասկանալի է, թե ինչու է փորձ արվում քանդել այն քաղաքականությունը, որը միտված է Արցախի խնդրում կորստաբեր տրամաբանությունը փոխելուն, այդ թվում պատերազմի գործոնները չեզոքացնելուն: Ընդ որում, այդ շրջանակների «փաստարկներն» էլ չափազանց խոսուն են, եւ հատկապես ուշադրության են արժանի անընդհատ հղումներն Ալիեւին՝ բա նա ինչ կասի, նա համաձայն կլինի՞, պատերազմ կսկսի, եւ այլն: Սա բացահայտում է հենց այն հանգամանքը, որ «բանակցային գործընթացը» տարվել է հենց նման տրամաբանությամբ: Ստացվում է՝ երկու պատերազմ ենք հաղթել, որ Ալիեւի մասին մտածենք:
Հայաստանի ներկայիս քաղաքական բառապաշարում պետք է բացառել «բանակցության այլընտրանքը պատերազմն» է տափակաբանությունը եւ հողերի հարցում որեւէ պայմանով զիջումները: Հենց նման հայտարարություններն են ճանապարհ բացում պատերազմի համար, ինչը հստակ երեւաց ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1036 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար