Գլխավոր արժեքը քաղաքացին է. քաղաքապետը հանդիպել է բուժհիմնարկների տնօրեններին

19-03-2019 09:40:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է
համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Քաղաքապետը առանձնակի կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը: 
 
«Պետք է բոլոր դրական կողմերը մենք
մեզ համար հանենք, բացասականները հասկանանք և տեսնենք, թե ինչպես պետք է շտկենք այդ բացասական կողմերը, որպեսզի արդեն այդ շտկումների միջոցով ավելի լավ արդյունքներ ստանանք: Ես կցանկանայի, որ մենք եղած պայմաններում առավելագույն լավ արդյունք տանք և մեր բնակչության հանդեպ լավ վերաբերմունք ցուցաբերենք»,- ընդգծել է քաղաքապետը: 
2019-ին կրկնապատկվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման համար համայնքային բուժհաստատություններին տրամադրվող բյուջեն, ինչն աննախադեպ ցուցանիշ է: 70 մլն դրամի փոխարեն, այս տարի 146 մլն դրամ է հատկացվել այդ նպատակին: Ընթացիկ տարում 150 մլն դրամ էլ նախատեսված է բուժհիմնարկների վերանորոգման համար: Արդեն իսկ կայացած մրցույթներում տնտեսած միջոցների հաշվի Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շուրջ 90 մլն դրամ էլ հատկացվել է շտապբուժօգնության ենթակայանների վերանորոգմանը: 
 
 «Ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ իրատեսական ու իրագործելի միասնական ծրագիր»,- նկատել է քաղաքապետն ու հավելել, որ ծրագրի  իրագործման համար պետք է ցուցաբերվի հետևողական մոտեցում:
«Այստեղ մեկ հարց կա, որը մենք մեզ պետք է տանք. Պատրա՞ստ ենք ծանր աշխատելու, այսինքն՝ մենք մեզ զոհաբերելու, որ 5-10 տարի հետո լավ արդյունք ունենանք: Եթե պատրաստ ենք, մենք ունենալու ենք այդ արդյունքը, եթե աշխատենք այս նույն տեմպով՝ միգուցե և չստանանք: Ես ձեզանից ակնկալում եմ այս մոտեցումը, այլապես մենք չենք կայացնի մեր համայնքում այս համակարգը: Ես նաև կպահանջեմ, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանալու այս ծանր աշխատանքը վերցնել իրենց վրա՝ շուտ հայտնեն դրա մասին»,- նշել է Հայկ Մարությանը: 
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն իր հերթին նշել է, որ համայնքային բուժհիմնարկների հետ համագործակցված ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ արդեն իսկ մի շարք խնդիրների տրվել են արդյունավետ լուծումներ:
 
«Գլխավոր արժեքը մեզ համար, մեր քաղաքականության մեջ մեր քաղաքացին է: Եվ բուժհաստատություն այցելող քաղաքացին գալիս է ձեր պրոֆեսիոնալ ծառայությունը ստանալու, փրկվելու և բուժվելու համար: Ամենևին տպավորություն չստեղծվի, որ միայն ձեզանից պահանջում ենք, մենք շատ կառուցողական ենք և ցանկացածիդ խնդիրը պատրաստ ենք լսելու: Մենք քաշել ենք «կարմիր» գիծ, որից հետո ուզում ենք, որ ամեն ինչ լինի արդար, հավասար, պաշտպանված, ազնիվ և բխի քաղաքացու շահերից»,- ասել է փոխքաղաքապետը: 
 
Բարձր գնահատելով բժիշկների պատրաստվածությունը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց կարևոր առաքելության համար: Հայկ Մարությանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը համայնքի առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումներն ըստ առաջնահերթության իրագործելու նպատակով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 245 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար