Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

19-03-2019 14:03:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը:
 

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և
զարգացնելու համար՝ հատկապես կրթության համակարգում առկա է մեծ ներուժ»: Ընդգծելով, որ կրթությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է՝ ԿԳ նախարարը  դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված կրթության ոլորտի առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգը, որն ընդգրկում է հանրակրթությունից մինչև ՄԿՈՒ ոլորտ, բարձրագույն կրթությունից մինչև գիտության ոլորտ: Այս
համատեքստում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում ջանքերը հիմնականում պետք է ուղղվեն հանրակրթության ծրագրերի, չափորոշիչների և ռազմավարության մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավման ուղղությամբ: ԿԳ նախարարը կարևորել է նաև ՄԿՈՒ-աշխատաշուկա կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող  բարեփոխումները: Անդրադառնալով, համընդհանուր ներառականության գործընթացին՝ նախարար Հարությունյանը կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ներկայում իրականացվող ծրագրի շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 100 հանրակրթական դպրոց հարմարեցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է. «Ուրախ էի իմ պաշտոնավարման մեկնարկին հանդիպել նախարար Արայիկ
Հարությունյանին և քննության առնել մեր ամուր համագործակցությունը կրթական
ոլորտում, մասնավորապես՝ անգլերենի խորացված ուսուցման, ներառական
կրթության և ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակում»:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են անգլերեն լեզվի դասավանդմանը, անգլերենի ուսուցիչների վերապատրաստմանը, դպրոցների սեյսմակայունության ապահովմանը և հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը վերաբերվող մի շարք այլ հարցերի:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 189 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար