Նախագահ Սարգսյանն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին


Նախագահ Սարգսյանն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին

  • 19-03-2019 15:26:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական և դասախոսական գործունեության ընթացքում բազմաթիվ աշխատանքային շփումներ և փոխայցելություններ է ունեցել իր համալսարանական գործընկերների հետ:
 
 
Արմեն Սարգսյանը կարևորել է աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկի՝ Մոսկվայի պետական համալսարանի ներկայությունը Հայաստանում և անհրաժեշտ համարել ընդլայնել երևանյան մասնաճյուղի գործունեությունը, գիտակրթական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի ամրապնդումը:
 
Ներկայացնելով այցի նպատակը՝ Ելենա Վարդանովան ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում հանդես է եկել լրագրության ոլորտին առնչվող մի քանի հրապարակային դասախոսություններով:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել լրագրության ապագայի, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում առկա մարտահրավերների, հավաստի և պրոֆեսիոնալ լրատվության, լրագրության դասավանդման մակարդակի բարձրացման հարցերի շուրջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն