Սուրեն Պապիկյանն ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

19-03-2019 16:27:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկայի և բնական պաշարների բաժնի ղեկավար Թոմաս Այզնբախը, KfW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը։ 
 
Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է պատվիրակության անդամներին և հայտնել, որ բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի զարգացման բանկի միջև հեռանկարային ուղղվածության ու ռազմավարական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը միտված սերտ
համագործակցությունը։ Արձանագրելով եվրոպական ընտանիքի մաս կազմող պետությունների և, մասնավորապես, Գերմանիայի հետ հետհեղափոխական փուլում նոր որակի հարաբերություններն ու դրանց խորացման անհրաժեշտությունը՝ նախարար Պապիկյանը նաև իր պարտքն է համարել նոր ուժ հաղորդել այդ համագործակցության դինամիկ զարգացմանը։ «ՀՀ կառավարությունը ողջունում է իր կողմից հռչակված տնտեսական հեղափոխության գաղափարին Գերմանիայի կառավարության դրական արձագանքն ու դրան նպաստելու պատրաստակամությունը»,- ասել է նախարարը և ընդգծել, որ եվրոպական տարբեր կենտրոններում և Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթություններին իրենց գործուն նպաստը կարող են բերել նաև ՀՀ ՏԿԶ նախարարության և KfW ԳԶԲ-ի համատեղ իրականացվող ծրագրերը։     
   
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ Գերմանիայի կառավարության և KfW ԳԶԲ-ի հաջող համագործակցությունը հիմնված է փորձի ու փոխադարձ վստահության վրա, որոնք իրենց արտահայտությունն են գտնում  բարեփոխումների հաջողված պատմություններում: 
 
Իր խոսքում KfW գերմանական զարգացման բանկի տնօրեն Օլաֆ Ցիմելկան ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շնորհավորել նախարարին Հայաստանում ոչ բռնի, թավշյա
հեղափոխության ու անցնցում իշխանափոխության կապակցությամբ։ Օլաֆ Ցիմելկան կարևորել է Հայաստանի հետ ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում խորացող համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում արդյունքային ծրագրերին ուղղված երկուստեք օրակարգը կընդարձակվի։     
 
Ավարտին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ շեշտել է նմանօրինակ բարձր մակարդակի հանդիպումների կարևորությունը և նկատել, որ դրանք լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նոր ուղղություններ նախանշելու համար։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 232 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար