90 մլն դրամ՝ Երևանի Շտապբուժօգնության ենթակայանների վերանորոգմանը

19-03-2019 16:59:48   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված «Շտապբուժօգնություն» ընկերության բոլոր 7 ենթակայաններում այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Համայնքի բյուջեից այդ նպատակով շուրջ 90 մլն դրամ է հատկացվել: Ենթակայաններում արդեն իսկ մեկնարկած ու նախատեսվող աշխատանքներին այցի ժամանակ ծանոթացել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: 
«Պայմանները շենքային շատ լավն են, տարածքները՝ մեծ, սենյակներն՝ ընդարձակ, բայց աշխատանքային պայմաններն անբավարար են և ոչ գոհացնող: Բնական է, ամբողջ շենքը չենք վերանորոգի, կվերանորոգենք այն հատվածները, որոնք անհրաժեշտ են աշխատանքային պայմանները բարելավելու համար: Ավելի լավ է՝ մենք ունենանք մեծ շենք, որի մի հատվածը հիմնանորոգված է, քան ամբողջ շենքը թեթևակի նորոգենք: «Փոքրիկ» ասվածը շուրջ 200 քմ տարածք է, և հիմնանորոգումից հետո այն կունենա նոր սանհանգույց, հանգստի սենյակներ, աշխատանքային բարվոք պայմաններ»,-
նշել է փոխքաղաքապետը:  
 
80-ական թվականներին կառուցված շինությունները երբևէ հիմնանորոգման չեն ենթարկվել: Շուրջօրյա ժամանակացույցով սպասարկող աշխատակազմի համար ծրագիրն իսկապես սպասված էր: 
 
«Փուլ առ փուլ ուսումնասիրելով՝ գնում ենք առաջ և կգնանք այնքան, մինչև որ  կարձանագրենք ևս մեկ ուրախ լուր, որ մեր առջև դրված ևս մեկ խնդիր լուծեցինք»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը:
 
Աշխատանքային պայմաններից բացի շտապօգնության աշխատակիցները նաև համազգեստի հետ կապված խնդիրներն էին առանձնացնում: Այս տարի քաղաքապետարանը բուժանձնակազմին նոր համազգեստ կտրամադրի: 
 
«Ուսումնասիրել ենք միջազգային փորձը, կտորի տեսակի խնդիր կա, որը չի քրտնեցնում, շատ գրպաններ ունեն և շատ հարմար են աշխատելու համար: Տեխնիկական պայմանները կգրվեն և կդրվեն մրցույթի»,- ասել է փոխքաղաքապետն ու հավելել, որ ընթացիկ տարում 36 բուժխմբերին կավելանա ևս երկուսը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպելու աշխատանքները: 
 
«Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու հարցում շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ մոտեցումն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը»,- նկատում է փոխքաղաքապետն ու մեկ անգամ ևս կոչ անում վարորդներին՝ զիջել շտապօգնության մեքենաներին:
 
«Վարորդների անվտանգությունն ապահովելու համար արդեն իսկ ձեռք են բերվել տեսանկարահանող սարքեր, որոնք դրված են շտապօգնության մեքենաներում: Պարտադիր պայման է դրվել, որ դրանք միշտ միացված լինեն, որպեսզի գրանցեն խախտումները, այն է, որ վարորդները չեն զիջում շտապբուժօգնության մեքենաներին: Զիջե՛ք ճանապարհը. միգուցե
այդ մի քանի րոպեն ինչ-որ մեկի կյանքի փրկության գինն է»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը: 
 
Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի շնորհիվ արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում:  
 
«Այն բոլոր խնդիրները, որոնք քաղաքապետարանի լիազորությունների և բյուջեի սահմաններում են, լուծում կստանան: Այն, ինչ խոստացել են քաղաքային իշխանությունները, միանշանակ կատարվելու են»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանը: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 280 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար