Գաբրիել Ղազարյանն ընդունել է վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին

19-03-2019 17:06:41   | Հայաստան  |  Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն ընդունել է վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակությանը՝ կոնֆեդերացիայի մարզչական կոմիտեի  քարտուղար Թոմաս Բրո-Ռասմուսենին (Thomas Bro-Rasmussen) և զարգացման դեպարտամենտի պատասխանատու Ֆրանսուա Վոտեսին (François Watthez): Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
 


Գաբրիել Ղազարյանը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի
և վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի համագործակցությունը ոչ միայն վոյելբոլի զարգացման, այլև այդ մարզաձևի մասսայականացման և տարածման գործում: «Տարեցտարի վոլեյբոլը մեր երկրում ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, ինչը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կատարած աշխատանքի արդյունքն է: Իհարկե, համագործակցությունը մարզաձևի միջազգային կառույցների և մասնավորապես եվրոպական կոնֆեդերացիայի հետ նպաստում է ֆեդերացիայի կողմից նախանշված ծրագրերի իրականացմանը»,- նշել է նախարարի առաջին տեղակալը:
 
Հյուրերը Հայաստանում են հանրակրթական դպրոցներում անցկացվող «Վոլեյբոլը՝ դպրոցներում» ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Եվրոպական կառույցի ներկայացուցիչները հանդիպելու են նաև ծրագիրն իրականացնող Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աշխատանքային խմբի անդամներին, ներկա են գտնվելու ծրագրի շրջանակներում Երևանի № 171 դպրոցում կազմակերպված վոլեյբոլի փառատոնին:
 
Նշենք, որ ծրագիրը քառամյա է, այն մեկնարկել է 2018 թվականին: Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր տարի 12 դպրոցներում անցկացնել վոլեյբոլի փառատոն՝ հանրակրթական դպրոցներին տրամադրելով մասնագիտական մարզագույք (վոլեյբոլի ցանց և գնդակ):
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար