Տիգրան Խաչատրյանն ընդունել է Լոուրենս Մերեդիթին

19-03-2019 17:50:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ։ 
«Մենք կարծում ենք, որ ներկայիս ծրագրերի իրականացման ընթացքը և դրանց առանցքում նպատակադրված թիրախներն առաջիկա առաջընթացն ապահովելու գործում մեծ ներուժ ունեն բոլոր ուղղություններում՝ մարդկային կապիտալի զարգացում, պետական կառավարման բարեփոխումներ, գործարար և հատկապես ՓՄՁ միջավայրի բարելավում և այլն», - նշել
է նախարարը։ 
 
Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության ծրագրի հիմնական թիրախները, մասնավորապես մրցակցության և արտադրողականության բարձրացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման խնդիրները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է մասնագիտական  և բարձրագույն կրթության կարևորության հարցերը։ Նախարարն անդրադարձել է նաև ՓՄՁ զարգացման խնդիրներին։
Լոուրենս Մերեդիթը շնորհակալություն է հայտնել նախարարին կարևոր տեղեկատվության ներկայացման համար և նշել այն առաջնահերթ ծրագրերը, որոնք կան օրակարգում։ Եվրոպացի պաշտոնյան նախարարի հետ քննարկել է Հայաստանի արտահանման հնարավորությունները, հեռանկարային ոլորտները և թիրախային շուկաները՝ դիտարկելով ԵՄ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, վերամշակված գյուղմթերքի, գինեգործության և թեթև արդյունաբերության ոլորտների զարգացման ներուժի վերաբերյալ։
 
 Տիգրան Խաչատրյանը և  Լոուրենս Մերեդիթը քննարկել են նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացման, ենթակառուցվածքների բարելավման հնարավորությունները։
 
Հանդիպման ընթացքում
քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպչական որոշ հարցեր։
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը շնորհակալություն  է հայտնել Տիգրան Խաչատրյանին հանդիպման համար և նշել, որ Եվրամիությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին նախաձեռնած բարեփոխումներում։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 330 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար