39 օր հացադուլ հայտարարած կալանավորը Պաշտպանի միջամտությունից հետո համաձայնել է ստանալ պահպանողական բուժում


39 օր հացադուլ հայտարարած կալանավորը Պաշտպանի միջամտությունից հետո համաձայնել է ստանալ պահպանողական բուժում

  • 19-03-2019 18:26:37   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են 39 օր հացադուլ հայտարարած և քաղաքացիական հիվանդանոցում բժշկական հսկողության տակ գտնվող կալանավորված անձին:
 
Պաշտպանի ներկայացուցիչները զրուցել են կալանավորված անձի և նրա կնոջ հետ, ուսումնասիրել են նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Պարզվել է, որ բժշկական կենտրոնում կատարվել  են  արյան ընդհանուր և բիոքիմիական, գլխուղեղի ՄՌՏ, կրծքավանդակի ռենտգեն, ԷՍԳ և որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություններ: Կազմակերպվել են նաև նյարդաբանի և հոգեբույժի խորհրդատվություններ: 
 
Կալանավորը նշել է, որ դեռևս շարունակում է հացադուլը, գիշերային ժամերին որովայնի շրջանում ունեցել է ցավեր, սակայն հրաժարվում է անցնել բժշկի կողմից ցուցված արյան հետազոտությունը: 
 
Քաղաքացիական հիվանդանոցի բժշկական անձնակազմի հետ համագործակցությամբ Պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում կալանավորը համաձայնվել է ստանալ պահպանողական բուժում: Վերջինս գտնվում է մշտական բժշկական հսկողության տակ: 
 
Նշենք, որ նախորդ այցից հետո կալանավորված անձը Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ նշել էր, որ դատախազի այցից հետո կդադարեցնի հացադուլը, սակայն պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի հետ զրույցից հետո այն չի դադարեցրել։ 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք