Կառավարության և «ԱՐԻ» հիմնադրամի միջև ստորագրվել են համաձայնագրեր վերաբնակեցման գոտում 25 տան կառուցման մասին


Կառավարության և «ԱՐԻ» հիմնադրամի միջև ստորագրվել են համաձայնագրեր վերաբնակեցման գոտում 25 տան կառուցման մասին

  • 19-03-2019 18:52:15   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 18-ին՝ Լիբաբանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի կառավարության անունից երկու համաձայնագիր է ստորագրել «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ներդրումային հիմնադրամի հետ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) տասը և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս) տասնհինգ տներ կառուցելու մասին։ «ԱՐԻ»-ի կողմից համաձայնագրերը ստորագրել է հիմնադրամի նախագահ Սուրեն Սարգսյանը։ Համաձայնագրերի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել «ԱՐԻ»-ի բաժնետերերի իններորդ ընդհանուր ժողովի ժամանակ։
 
         Համաձայնագրերի ստորագրումից հետո ունեցած ելույթում պետնախարար Գ․ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ վերահաստատելով, որ Արցախի Հանրապետության համար մեծ նշանակություն ունեն սփյուռքի կողմից նախաձեռնված և իրագործվող ծրագրերը, որոնք խարսխված են տևական գործակցության և երկարաժամկետ փոխշահավետության հիմքերի վրա։ Անդրադառնալով ստորագրված համաձայնագրերի առարկային՝ պետնախարարը հիշատակել է, որ սրանով Աղավնոյում ազդարարվում է «ԱՐԻ»-ի հետ համատեղ բնակարանաշինության ծրագրի երկրորդ փուլը, իսկ Շահումյան-Քարվաճառում մեկնարկն է տրվում «ԱՐԻ»-ի մուտքին։ Խոսելով Աղավնոյում բնակարանաշինության ծրագրի առաջին փուլի մասին, որի ժամանակ կառուցվել էին հիսուն տներ՝ Գ․ Մարտիրոսյանը խիստ կարևորել է Արցախում վերաբնակեցման գործընթացը և այդ նպատակով վերաբնակեցման շրջաններում պատերազմի հետևանքով քայքայված բնակֆոնդի վերականգնման աշխատանքները։
 
Իր խոսքում Գ․ Մարտիրոսյանը շեշտել է, որ Արցախի քաղաքացիների իրավունքների ու ազատությունների լիակատար պահպանումը, ֆինանսա-տնտեսական զարգացման պայմանների ապահովումը, անկախ հակամարտության շարունակության պարագայից, պետության համար հանդիսանում են կարևոր առաջնահերթություն ու գործառնական կողմնորոշիչ։
 
         Հանդիսավոր ելույթից հետո Գ․ Մարտիրոսյանը աշխատանքային պրեզենտացիա է ներկայացրել Արցախի Հանրապետության տնտեսական ներկայիս կացության, համապատասխան ցուցանիշների, ինչպես նաև այս ասպարեզում կառավարության տեսլականի և ծրագրերի մասին։
 
«ԱՐԻ»-ի վարչության անդամ Վահան Գասարչյանն իր խոսքում հավաստել է, որ հիմնադրամի արցախյան ներդրումները ծառայում են փոխշահավետ նպատակի, նամանավանդ որ իրենց գործունեության նպատակն ի սկզբանե միայն բաժնետերերին շահույթ ապահովելը չէ, այլ նաև Քաշաթաղի ու Շահումյանի շրջանների հզորացման շուրջ ջանադրությունը, բնակչության ու վերջինիս կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ավելացումը:
 
 
 
-- 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն