Հին համակարգի բովանդակային մնացուկները Հայաստանում որևէ հեռանկար չունեն. ՀՀ վարչապետ


Հին համակարգի բովանդակային մնացուկները Հայաստանում որևէ հեռանկար չունեն. ՀՀ վարչապետ

  • 19-03-2019 19:07:48   | Հայաստան  |  Քաղաքական



 
Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է, իրենց էջը փակված է: 
 
Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ ավելի քան 4 ժամ տևած ասուլիսի ընթացքում ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝  այն շրջանակները, որոնք ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսում կառավարության դեմ սև հակաքարոզչություն անելու համար, պետք է հասկանան նաև, որ չեն կարող ունենալ ժողովրդի աջակցությունը: 
 
«Հայաստանում ամենակարևոր փոփոխությունն այն է, որ կար էլիտա, որն ասում էր՝ «ժողովուրդ ջան բրինձ կբաժանենք, տուկի թել, կարտոշկա կբաժանենք և այլն», իսկ մեր քաղաքականությունը հետևյալն է՝ մենք մարդկանց համար պետք է ստեղծենք հնարավորություններ, որպեսզի սեփական աշխատանքով  իրենց սոցիալական վիճակը բարելավեն»,- ընդգծեց Ն. Փաշինյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ նախկին քաղաքական էլիտային ձեռնտու չի եղել, որպեսզի մարդն աշխատի և վաստակի, քանի որ աշխատող մարդը քաղաքականապես ինքնուրույն ու ինքնիշխան է, և հնարավոր չէ աշխատող մարդուն 5000 դրամ ընտրակաշառքով գնել: 
 
Վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում տնտեսական հեղոփոխությունը սկսված է և հաղթելու է, իսկ հին համակարգի նրա բնորոշմամբ՝ բովանդակային մնացուկները որևէ հեռանկար չունեն: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական