Մաքուր ու կանաչ քաղաքը սկսվում է բակերից և բնակիչներից

20-03-2019 10:29:34   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
«Այս բակում ապրում եմ 1993 թվականից: Ամեն մեկն ուներ իր տարածքը, ամեն ինչ անխնամ էր: Որոշեցինք մի փոքր կտոր կանաչապատել: Հետո բակի տղաները միացան ու տարիների ընթացքում դարձավ խնամված գոտի: Այստեղ մեկով, երկուսով չի լինի, պետք է ամբողջ բակը միանա, որպեսզի եղածը պահպանվի»,- նշում է Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչ Սուրեն Գեղամյանը: 
 
Արշակունյաց պողոտայի բակային այս հատվածում մինչև օրերը տաքանալը անելու դեռ շատ բան կա: Պետք է հասցնեն կանաչ գոտին վերջնական տեսքի բերել ու հարմարավետ դարձնել: Միայն սրտնեղում են՝ տարիներ առաջ ոռոգման ջրագիծը հասավ հարևան շենքերի բակ ու այդպես էլ անավարտ մնաց: Հիմա ոռոգում ունեցող հատվածներում անխնամ է, իսկ իրենք խմելու ջրով են կանաչը պահում:
 
Բակերի պահպանումն ու խնամքը թեև այսօր վարչական շրջանների և համատիրությունների
ուսերին է, սակայն իրավական առումով խնդիրը կարգավորված չէ: Բակերի փաստացի տերերը բնակիչներն են, որոնք, սակայն, ոչ միշտ են զգում իրենց պարտավորությունը:    
 
Կիևյան փողոցի այս բակը այն քիչ հասցեներից է, որտեղ
պահպանվել է բակի գաղափարը: Երկար տարիներ ավտոտնակների անկանոն տեղադրման դեմ պայքարի շնորհիվ  այսօր երեխաներն ունեն խաղահրապարակ ու ֆուտբոլի մարզադաշտ, կա նաև փոքրիկ զբոսայգի: Կառուցապատման համար առաջարկներ եղան նաև շենքերի հետնամասի՝ անմիջապես Հրազդանի կիրճին հարող հատվածի համար: Բնակիչների պատասխանը եղավ խնամված, ծառապատ հանգստի գոտին: 
 
Կանաչ գոտիների խնդիրը հատկապես մեծ է Երևանի կենտրոնում: Կոլորիտային բակերի մասին այսօր միայն հիշողություններ են: Հիշողության հետքերով էլ շարժվեցինք Մաշտոցի պողոտայի բակերից մեկը: Ավտոտնակների, հարակից շինհրապարակի ու շենքի անկյունում այս օազիսը ստեղծվել է առանձնացված համատիրության բնակիչների ուժերով:
 
«Ամբողջ օրը այստեղ մեքենաներ էին կայանում ծառերի արանքում: Մենք փակեցինք բակի մուտքն ու սեփական ձեռքերով ստեղծեցինք այս գոտին: Այստեղ անգամ ծննդյան օրեր ենք նշում»,-նշում է բնակիչներից Սուրեն Վասիլյանը:
 
Ինչպե՞ս բնակիչներից հավաքագրվող գումարները տնօրինել արդյունավետ և շենքի խնդիրներից բացի, հասցնել ուշադրություն դարձնել նաև բակերին: «Նոր Ավան» համատիրության գաղտնիքը միջոցների ճիշտ բաշխումն ու օգտագործումն է: 
 
«Համատիրության արդյունքներ գրանցելու առաջին նախապայմանը թափանցիկ աշխատանքն է ու հաշվետվողականությունը: Բնակիչների աջակցությամբ մենք ունենք մարզահրապարակ ու խաղահրապարակ: Օգտագործելով տեղանքն ու տարածքի թեքությունը՝ տեղադրեցինք մեծ էկրան ու սեփական ձեռքերով պատրաստած նստարաններ, որտեղ արդեն նախորդ տարի դիտում էինք ֆուտբոլային հանդիպումներ, երեխաների համար էլ ցուցադրում էինք մուտֆիլմեր»,-նշում է «Նոր Ավան» համատիրության ներկայացուցիչ Արման Միրզոյանը:
 
Մաքուր և կանաչ քաղաքը սկսում է հենց բակերից: Առաջիկա շաբաթ օրը՝ մարտի 23-ին, հայտարարված է համապետական շաբաթօրյակ ու ծառատունկ: Երևանի քաղաքապետարանն իր հերթին կոչ է անում բոլորին ակտիվորեն մասնակցել: 
 
Քաղաքապետարանի այս տարվա ծրագրերով կան բակերի բարեկարգման նախագծեր, որոնք, իհարկե, կարող են երկար տարիներ ծառայել, եթե յուրաքանչյուր բնակիչ զգա տարածքների խնամքի իր պարտավորությունը: 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 235 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար