Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալեքսանդր Վան դեր Բելլենին

20-03-2019 11:42:59   | Ավստրիա  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 19-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին:
 

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորվել են լավ բարեկամական
հարաբերություններ՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։
 
Դեսպան Պապիկյանը նշեց, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-ավստրիական համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:
 
ՀՀ դեսպանը Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները և բարեմաղթանքները: Ի պատասխան` նախագահ Վան դեր Բելլենը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
 
ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ միջպետական հարաբերությունները և այդ առումով ընդգծեց բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը:
 
Ավստրիայի դաշնային նախագահի խնդրանքով, Արմեն Պապիկյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին, իրականացվող բարեփոխումների ընթացքին և տարածաշրջանին առնչվող խնդիրներին։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 267 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար