Փլուզում է լինելու. պետք է կարողանանք այնպես անել, որ փլուզման տակ չմնանք


Փլուզում է լինելու. պետք է կարողանանք այնպես անել, որ փլուզման տակ չմնանք

  • 20-03-2019 12:17:44   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը
 
 
- Պարոն Արշակյան, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որ 30 տարի ղեկավարել է երկիրը, հրաժարական է տվել։ Փոփոխությունները հասնում են ԵԱՏՄ անդամ Ղազախստա՞ն։
 
- Նախ՝ դա մասնակի հրաժարական է, որովհետև Նազարբաևն իր գրպանում պահպանում է անվտանգության քարտուղարի պաշտոնը և պահում է երկրի առաջնորդի պաշտոնը։ Այսինքն՝ նա ընդամենը վարչարարությունից է հրաժարվել։ Եթե այդ երկրի չափորոշիչներով խոսենք, նա երկիրը կիսանախագահական դարձրեց, հիմա ինքը իսկական նախագահ է դառնում՝ Սահմանադրության երաշխավորը, իր հիմնադրած պետության շարունակականության տերն է դառնում։ Իմպերատիվ կառավարման համակարգից հրաժարվեց։ Շատ մեծ չի փոփոխությունը, բայց ընդհանուր առմամբ, դա բավական լավ նշան է, որ նույնիսկ այդպիսի անփոխարինելիները կարող են փոխվել։ Հետաքրքիր է, որ լուրջ խոսակցություններ են գնում՝ Պուտինը ևս իրեն փոխարինող է փնտրում։ Նա դեռևս ունի 5 տարի, 2024 թվականին է նրա ժամկետը լրանում, բայց արդեն իրեն փոխարինող փնտրում է։ Կրեմլում կոնսպիրոլոգիայի կողմնակիցներն ասում են, որ այնտեղ էլ լուրջ աշխատանքներ են գնում, որ նույնիսկ արդեն ասում են՝ չի լինելու Մեդվեդևը։
 
Բելառուսում էլ լուրջ միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպանատանը։ Ղրիմի անեքսիայի 5-ամյակի կապակցությամբ այնտեղ հրավիրվել է մամուլի ասուլիս, պետական լրատվամիջոցները առանց բացատրության չեն մասնակցել ասուլիսին, իսկ մասնավոր կամ, այսպես կոչված, անկախ լրատվամիջոցները հայտարարությունով հրաժարվել են մասնակցել այդ ասուլիսին՝ պատճառաբանելով, որ իրենք չեն ուզում պաշտպանել հակամարտության կողմերից մեկին։ Դա շատ լուրջ է։
 
- Հնարավո՞ր է, որ Ղազախստանում տեղի ունեցածը շղթայական ռեակցիա առաջացնի ԵԱՏՄ այլ երկրներում։ Հնարավո՞ր է, որ Պուտինը ևս այս 5 տարին չմնա իր պաշտոնում։
 
-Կարծում եմ՝ Պուտինի համար տարբերակներ շատ կան իշխանությունում մնալու։ Սկսած նրանից, որ այս 5 տարվա ընթացքում նա կարող է Սահմանադրությունը փոխել, կարող է անշլյուզ կոչվածն անել Բելառուսի հետ՝ հանուն միասնական պետության ղեկավարը դառնալու՝ Սահմանադրությունն այդ ձևով փոխելով։ Շատ տարբերակներ կան մնալու համար, և շատ քիչ տարբերակ կա հեռանալու համար։ Դասական առումով Ռուսաստանում իշխանությունից չեն հեռանում, իշխանությունից հեռացնում են։ Այդ պատժամիջոցները, որ հիմա կիրառվում են Ռուսաստանի դեմ, դրանք ուժասպառ են անելու, հյուծելու են Ռուսաստանին։ Այդ երկիրը հյուծվելու է, իսկ հյուծված, տնտեսական ու սոցիալական խնդիրներով, ինչու ոչ, նաև ազգային փոքրամասնությունների խնդիրներով Ռուսաստանում շատ վտանգավոր, դադարեցված զարգացումները կարող են բուռն ձևով տեղի ունենալ։ Այդ ժամանակ որևէ հեղինակություն, կլինի Իվան Ահեղը, Նիկոլայ Երկրորդը, Ստալինը, Խրուշչովը, թե Գորբաչովը, ոչ ոք չի կարող կառավարելի դարձնել պրոցեսները։ Այդ պրոցեսները կարող են անկառակարելի դառնալ։ Այսինքն թե Պուտինը, թե պուտինիզմը, թե սոցիալիզմն ու կապիտալիզմը այնտեղ կարող են խառնվել իրար, քաոսի վերածվել։
 
Շատ հնարավոր է, որ Պուտինը տեսնում է այդ քաոսը, տեսնում է, որ Ռուսաստանը մտել է կործանման շրջապտույտի մեջ և չի կարող հեռանալ։ Այդպես չի, որ Պուտինն անձամբ Ռուսաստանում ստեղծեց այս վիճակը, միջուկային պետության մեկուսացումը։ Իզգոյ, բորոտ պետության ղեկավարը, իհարկե, նաև պատասխանատվություն է զգում, պատասխանատվություն նաև իր ժառանգների համար։ Մենք գիտենք, որ այդպիսի դեպքերում ժառանգները նույնպես վտանգվում են, օրինակ Ստալինի երեխաները։ Նրանցից ոչ մեկը սովորական ավարտ չունեցավ, նրանք բոլորը լքված, հալածված էին, ճիշտ այնպես, ինչպես Գալինա Բրեժնևան։ Այնպես որ, Պուտինը դրա մասին էլ է մտածում։
 
Մեզ համար կարևորը Հայաստանի վիճակն է։ Իհարկե, փլուզում է լինելու, և այստեղ հարցն այն է, թե մենք կմնա՞նք ԵԱՏՄ փլատակների տակ, թե ոչ։ Մեզ վրա փլվելո՞ւ է, թե հեռու կմնանք փլուզումից։ Մենք հիմա դրա մասին պետք է մտածենք, որ հանկարծ Ռուսական կայսրության այս նոր կործանումը մեզ իր հետ չտանի, չխորտակի։ Դա մեր իշխանությունների համար լրջագույն խնդիր է։ Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ փլուզման տակ չմնանք։ Պետք է որքան հնարավոր է հեռու լինել այդ խորտակվող նավից։
 
- Վարչապետն ասուլիսում հայտարարեց, որ մենք պետք է բազմավեկտոր քաղաքականություն վարենք, այդ թվում տնտեսական ոլորտում։ Բոլորին պետք է ներկայացնելու ծրագրեր ունենաք։
 
- Բազմավեկտոր ասածը դեռևս Եզոպոսի լեզուն է։ Մենք դեռևս չենք համարձակվում իրերը կոչել իրենց անուններով։ Բազմավեկտոր նշանակում է այդ նավից հեռանալ որքան հնարավոր է արագ և անվտանգ։ Այս հեղափոխական իշխանության գլխավոր քաղաքական դրույթը հենց դա է՝ անվտանգ, առանց խանդի տեսարանների ապահարզանի հասնելը։ Բազմավեկտոր նշանակում է, որ միայն հավերժական դաշնակիցը չէ։ Ես կարծում եմ, որ պետք է դա ավելի համարձակ ձևով անել, որովհետև միայն այն, որ Հայաստանում հնարավոր եղավ հեղափոխություն անել, դառնալ այլ տեսակի պետություն, այսինքն՝ հեռացրինք Նազարբաևի, Լուկաշենկոյի, Ռահմոնի, Պուտինի գործընկերոջը իշխանությունից միայն այն պատճառով, որ Ռուսաստանն այնքան տկար է, որ չի կարողանում յուրայինին պահել ու պաշտպանել։ Այդ նույն պատճառով իր հովանավորյալ Վենեսուելայում իշխանափոխություն կլինի, Սերբիայում, Սիրիայում դա կլինի։ Այսինքն՝ Ռուսաստանի բոլոր արբանյակները, որոնցով ինքը շրջապատված է, բոլորն աստիճանաբար հեղափոխական են դառնում և հեռացնում են։
 
Հայաստանի հեռանալն օրինաչափություն էր, սա նշանակում է, որ Ռուսաստանն այլևս չի կարողանում ճզմել, Հայաստանի անկախությունը օբյեկտիվորեն է հասունանում, և կարելի է ավելի համարձակ քայլեր անել անկախության, ինքնիշխանության, ինքնապահպանության, անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Բազավեկտորությունը նաև այստեղ պետք է տարածվի, բայց ավելի համարձակ։ Պետք է վերցնենք ինչքան հնարավոր է, իսկ մեր հնարավորությունները, հեղափոխության փաստը ցույց է տալիս, որ մեծ են։ Մենք քչով չպետք է բավարարվենք, հարկավոր է ավելի շատ վերցնել, և մենք ավելի շատ անկախություն և ազատություն կունենանք։  Ռուսաստանն այլևս չի կարողանում պահել մեզ, նա այլևս չի կարողանում Հայաստանը խեղդել, ուրեմն հարկավոր է լողալով հեռանալ։ Պետք է հեռանալ իմպերիայից, որովհետև մեզ սպասողներ և ընդունողներ, մեզ հրավիրողներ կան, և մենք այլընտրանք ունենք։ Արևմուտքը՝ մեր քաղաքակրթական դաշնակիցը, մեզ հրավիրել է, ձեռքը պարզել է և հարկավոր է այդ ձեռքը սեղմել, հեռանալ եվրազիայից և դեպի այդ ափը հեռանալ և դառնալ եվրոպացի։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play