20-03-2019 12:45:17 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքական Gazeteduvar կայքը գրում է, որ Հայաստանի հետ սահմանակից Կարս եւ Իգդիր նահանգներում ՏԻՄ ընտրություններին Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թեկնածու չի առաջադրել եւ պաշտպանելու է «Ազգայնական շարժում» կուսակցության թեկնածուներին։ Ըստ կայքի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Էրդողանից պահանջել է Հայաստանի հետ սահմանակից նահանգները հանձնել ազգայնական ուժերին՝ հայամետ քրդական կուսակցությանը հաղթելու շանսեր չտալու համար։
Կարսի ու Իգդիրի նահանգներում վերջին տարիներին տեղի է ունենում ադրբեջանական բնակչության վերաբնակեցում, Իգդիրում ադրբեջանցիները կազմում են բնակչության մի զգալի մասը: Այս նահանգներում Բաքուն նաեւ խոշոր ներդրումներ է անում: Մտադրություն կա Նախիջեւանը եւ Կարսը կապել տարբեր հաղորդակցություններով, տնտեսական նույն գոտու մեջ ներառելու նպատակով:
Այսպիսով, Անկարան ու Բաքուն մտադիր են փոխել այս նահանգների բնակչության հաշվեկշիռը հօգուտ թուրք բնակչության:
Երկու տարի անց լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակը, որով Հայաստանի կազմում գտնվող Նախիջեւանը, Կարսը եւ Իգդիրը անցել են Թուրքիային ու Ադրբեջանին: Հայաստանի ստորագրությունը չկա այդ պայմանագրի տակ:
Ներկայում Անկարան ու Բաքուն փորձում են թույլ չտալ պայմանագրի վերանայումը, այդ թվում Ռուսաստանի ու Վրաստանի աջակցությամբ: Նշենք, որ 1946 թ. Սովետական կառավարությունը մտադիր էր այս նահանգները վերամիավորել Հայաստանին, մի փոքր հատված էլ՝ Վրաստանին, եւ վերջինս ամեն կերպ խոչընդոտեց այս ծրագրին: Նշենք նաեւ, որ Բաթումն ու Աջարիայի մի մասը Վրաստանին են անցել Մոսկվայի 1921 թ. պայմանագրով: