Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում նշել են Թումանյանի 150-ամյակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ եւ լուսանկարներ)



20-03-2019 13:49:45   | Հայաստան  |  Հասարակություն
Այս տարի հայ ժողովուրդը նշում է Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Իսկ դա նշանակում է, որ ողջ տարվա ընթացքում Թումանյանի մեկուկեսդարյա հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակական են լինելու: 
 

Դրանցից հերթականը կայացել է Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում, որտեղ ի թիվս այլ հյուրերի, հյուրընկալել էին Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: 
 
Վերջինս այդ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ տեղի ունեցած հանդիպմանը խոսելով Ամենայն
հայոց մեծ բանաստեղծի մասին՝ նշել է. 
 
«Սիրելի մանուկներ և ուսուցիչներ, Ձեզ տեղեկացնեմ, որ Հովհաննես Թումանյանի անունը միայն իր հոբելյանի տարիներին չէ, որ հնչում է: Անվերջ մեր գրողների միության կամարների տակ Հովհաննես Թումանյանն այն մեկնակետերից է, որ մենք քարոզում ենք հայ գրականություն, հայոց լեզու, հայոց պատմություն: Այդ առումով հիշարժան է փետրվարի 19-ը՝ Թումանյանի ծննդյան օրը, որը հայտարարված է Գիրք նվիրելու օր և նշվում է ամեն տարի»: 
 
Է. Միլիտոնյանի խոսքերով՝ առանց գիրք կարդալու Թումանյանը չէր դառնա այն գրողը, որին մենք այսօր ճանաչում ենք: 
Նա նկատել է, որ գիրք կարդալով ու ինքնակրթվելով է միայն Թումանյանը հասել բարձր գաղափարների, ստեղծագործական մեծագույն գագաթների:  
 
«Դուք անցնում եք Հովհաննես Թումանյան դասագրքերում , և ասեմ, որ յուրաքանչյուր հայ մարդ իր ամբողջ կյանքում Թումանյանի հերոսների հետ կարծես նստի, վեր կենա, խոսի: Հայ մարդն իր հոգեկան կերտվածքով պարտական է նաև Հովհաննես Թումանյանին, որովհետև առանց նրա հրաշալի գրականության, դժվար է ձևավորվի հայ մարդու նկարագիրը, բնույթը»,- փաստել է ՀԳՄ նախագահը: 
 
Իր հերթին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը նշել է, որ դպրոցի հիմնադրման օրվանից ի վեր փորձել են ամեն տարի Հայաստանի գրողների միության միջոցով համագործակցել ժամանակակից գրողների հետ՝ վերջիններիս հրավիրելով հանդիպումների և քննարկումների:
 
«Քանի որ Թումանյանի 150-ամյա հոբելյանն էինք նշում, որոշեցինք ընդլայնել մեր համագործակցությունը: Եղավ նաև պայմանավորվածություն, որ այս բարձրության վրա էլ հանդիպում լինի: Մինչ այս Խնկո Ապոր գրադարանում հանդիպել ենք բազմաթիվ գրողների, դեսպաների հետ, և կարծում եմ, որ սա պետք է շարունակություն ունենա»,- նշել է Մ. Գեղամյանը: 
 
Հանդիպման ավարտին Ավետիսյան դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դահլիճին և հյուրերին առաջարկել են խաղալ «Թմկաբերդի առումը» բառախաղ-վիկտորինան, որը կազմել էին ըստ Ց. Կանթեղի «Թումանյանը խաղերում» գրքի: 
 
Դահլիճն ուրախ կանչերով և ծափ-ծիծաղով պարզել են էկրանին
հայտնված յուրաքանչյուր բառի խառնագիրը, իսկ ութերորդցիներն արտասանել պոեմի այն հատվածը, որտեղ այդ բառը գործածել էր մեծ բանաստեղծը:
 
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության /ԱՀԱԸ/ կողմից եւ բարերարներ Էդվարդ և Պամելա Ավետիսյանների շնորհիվ հիմնադրված Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի  կրթությունը ապահովում է բազմակողմանի զարգացում․ դպրոցական ծրագրով նախատեսված առարկաներից բացի այն ներառում է նաեւ ձեռնարկատիրական, շրջակա միջավայրի պահպանման դասընթացներ, բանավեճի ակումբ, արվեստի դասեր եւ ակումբներ։
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարներն այստեղ
Էլիզա Զախարյան, Մերի Հունանյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 392 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար