Նոր փորձ. ճեղքում Հայաստանի երկնքում

20-03-2019 16:37:38   | Հայաստան  |  Վերլուծություն
Ավիացիայի բազմամյա փորձառությամբ մասնագետ Հակոբ Ճաղարյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, այն բանից հետո, երբ վարչապետը ծանոթացել է Ճաղարյանի եւ նրա գործընկերների խմբի ներկայացրած հայկական ավիացիայի զարգացման մոտեցումներին եւ ճանապարհային քարտեզին:
 


Քաղաքացիական ավիացիան նշանակալի եւ կարեւոր ոլորտ է ցանկացած պետության համար, իսկ Հայաստանի համար առավել եւս բացառիկ նշանակություն ունեցող է այն պատճառով, որ կան ցամաքային տրանսպորտային հաղորդուղիների զարգացման մի շարք քաղաքական եւ ռազմա-քաղաքական խնդիրներ:
 
Չնայած դրան, հայկական ավիացիայի զարգացում, որպես այդպիսին, փաստացի տեղի չի ունեցել, եւ հայկական ավիացիայի քառորդ դարի «զարգացման» պատմությունը գործնականում ամոթի եւ խայտառակության պատմություն է, ինչպես թերեւս մի շարք այլ կարեւորագույն ուղղությունների եւ ինստիտուտների պատմությունը: Դա բխել է Հայաստանում իշխած կոռուպցիոն համակարգի բնույթից եւ տրամաբանությունից:
 
Այդ ընթացքում ստեղծվել եւ հետո սնանկացել է հայկական երկու ավիափոխադրող՝ Հայկական Ավիաուղիներն ու դրանից հետո Արմավիան: Երկուսի գործունեության եւ սնանկացման պատմությունների վերաբերյալ եղել են մամուլի պարբերական հրապարակումներ, որոնք լի են կոռուպցիոն ռիսկերի արձանագրումներով:
 
Ինչու՞ չի ստացվել ստեղծել թեկուզ դանդաղ, բայց կայուն զարգացող հայկական ավիացիա: Դրա պատճառը եղել է կոռուպցիան ու գանձագողությու՞նը,
ոլորտի եւ ընդհանրապես քաղաքականության համար պատասխանատու կառույցների ղեկավարների, քաղաքական ղեկավարության անբարեխղճությու՞նը, անտարբերությու՞նը, խնդրի կարեւորությունը չգիտակցելը՞, ոչ կոմպետենտությու՞նը: Թե եղել են նաեւ քաղաքական, արտաքին քաղաքական պատճառներ, եւ Հայաստանին պարզապես թույլ չեն տվել ունենալ ազգային ավիացիա: Այդ հարցն էլ իր տեղն ունի, երբ դիտարկում ենք հայկական երկնքում ռուսական ավիաընկերությունների գերիշխանությունն ու նաեւ հայկական տարբեր նաեւ մասնավոր ավիաընկերությունների պարբերական դժգոհություններն անբարեխիղճ մրցակցության մասին:
 
Իհարկե այստեղ պետք չէ բացառել եւ այն, որ խնդիրը պարզապես եղել է հայկական ընկերությունների անմրցունակությունը: Ի վերջո, պետք է թերեւս արձանագրել նաեւ, որ հատուկ «ջերմոցային» պայմաններով ավիացիայի ապահովումը հազիվ թե լինի հեռանկարայաին ճանապարհ, պետք է ստեղծվի բնականոն զարգացման միջավայր, որպեսզի հայկական ավիաընկերություններն ու հնարավոր ազգային ավիափոխադրողը լինեն մրցունակ:
 
Արմավիայի սնանկացումից հետո, որն ինքնին առաջացնում էր բավական հարցեր, Հայաստանի կառավարությունն ընդհանրապես որոշեց հրաժարվել ազգային ավիափոխադրողից եւ անցնել Բաց երկնքի քաղաքականության, որից ստացված էֆեկտը սակայն կարծես թե մեծ
չէ եւ այդ «էֆեկտն» ավելի շատ զգացին ռուսական ավիաընկերությունները, քան Հայաստանի քաղաքացիները: Համենայն դեպս, ավիացիայի զարգացման առումով ամենամոտ համեմատությունը՝ Վրաստանը, Հայաստանում առաջացնում է հույսի եւ մխիթարության անհրաժեշտություն, որ հնարավոր կլինի հասնել գոնե հարեւան երկրում առկա վիճակին:
 
Ի վերջո, համաշխարհային քաղավիացիայի ոլորտը բավականին բարդ եւ թեժ մրցակցության ոլորտ է եւ սնանկանում են կամ խնդիրներ ունենում ընկերություններ, որոնք տնտեսապես ու ֆինանսապես բազմակի անգամ ավելի հզոր են, քան հայկական որեւէ ընկերություն:
 
Այդ իմաստով, անկասկած է, որ հայկական ավիացիային որքան անհրաժեշտ է մեծ փորձառությունը, նույնքան էլ նաեւ նոր միտումներին տիրապետելը, արդիական եւ ճկուն մտածողությունը:
 
Այդ առումով Հայաստանում ստեղծվում է հետաքրքիր դասավորություն: Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար նշանակվեց Տաթեւիկ Ռեւազյանը, ինչը մասնագիտական հանրույթում ընկալվեց թերահավատությամբ: Այժմ վարչապետի խորհրդական է նշանակվում ոլորտում բազմափորձ Հակոբ Ճաղարյանը:
 
Ինչ էֆեկտ կստացվի այդ համադրումից, եւ կստացվի՞ ընդհանրապես համադրում, թե՞ կարող է առաջանալ մոտեցումների բախում: Կօգնի՞ նոր նշանակումը հայկական ավիացիայում եւ հայկական երկնքում ճեղքման, որի հերթական, եւ այս անգամ թերեւս բավականին հետաքրքիր «կոմբինացիոն» փորձն է արվում Հայաստանում:
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1087 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար