Նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը համապետական մաքրության օրվան ընդառաջ


Նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը համապետական մաքրության օրվան ընդառաջ

  • 20-03-2019 17:03:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված սույն թվականի մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի միջոցառումներին, ինչպես նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարության ընթացիկ աշխատանքներին:
 
Նախքան լրագրողների հարցերին պատասխանելը` նախարար Պապիկյանը հանդես է եկել մարտի 23-ին կայանալիք համապետական մաքրության օրվան նվիրված ներածական խոսքով, որում ներկայացրել է շաբաթօրյակի նպատակները, խնդիրները, գաղափարի տարածման հրամայականը, ինչպես նաև բնակչության վարքահոգեբանության մեջ ակնկալվող փոփոխությունները։ 
 
«Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ լրագրողներ, մարտի 23-ին Հայաստանի ողջ տարածքում տեղի է ունենալու համապետական առաջին շաբաթօրյակը, որի նպատակն է մաքրել Հայաստանն աղբից։ Մենք հասկանում ենք, որ 1 օրում կամ 1 շաբաթօրյակի միջոցով դա անել հնարավոր չէ, ուստի այս գործընթացը լինելու է շարունակական: Ամեն ամիս մենք ունենալու ենք համապետական մաքրության օր, որպեսզի մեր քաղաքացիներն այդ օրը մաքրեն իրենց բակերը, այգիները: Մենք խնդիր ունենք նոր որակ հաղորդել, նոր մտածողություն փոխանցել մեր շրջապատի, մեր բակի, մեր քաղաքի, մեր գյուղի նկատմամբ ունեցած վերաբերմունքին, քանզի յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր տնից դուրս նույնպես կան տարածքներ, որոնք պետք է գտնվեն մեր հոգածության ներքո։ Մենք բոլորս հոգատարությամբ ենք վերաբերվում մեր անձնական տարածքին, մեր բնակարաններին, բայց այդ բնակարանից դուրս պատկերն այլ է: 
 
Բոլորիս հայտնի է, որ մեր քաղաքացու համար մի բան է բազմաբնակարան շենքի շքամուտքը և մեկ այլ բան` իր անձնական բնակարանը: Բնակարանում տիրում է մաքրություն, իսկ շքամուտքին և դրանից դուրս գտնվող տարածքներին քաղաքացիները վերաբերվում են որպես օտար միջավայրի : 2018 թվականի հեղափոխությունը նաև մտածողության հեղափոխություն էր, և այն մեզ հուշում է, որ այս ասպարեզում նույնպես մենք կարծրատիպերի, սահմանների ու կապանքների վերացման, կոտրելու  խնդիր ունենք: Մենք պետք է դուրս գանք մեր կաղապարներից և հասկանանք, որ Հայաստանի յուրաքանչյուր անկյունը մերն է, յուրաքանչյուր ծառ, այգի, թուփ դա յուրաքանչյուրիս տարածքն է, և այդ տարածքների նկատմամբ մենք պետք է ունենանք համապատասխան վերաբերմունք, այնպիսի վերաբերմունք, ինչպիսին մեր անձնական տիրույթի, մեր բնակարանի  նկատմամբ է: Միայն այս պարագայում մենք կունենանք այլ իրողություն, այլ երկիր, այլ քաղաքներ ու գյուղեր: Սա իհարկե բխում է նաև զբոսաշրջության շահերից, սա մեր պետության դիմագիծն է: Այո, սա Հայաստանի Հանրապետության անձնագիրն է: Յուրաքանչյուր համայնք այցելելիս այդ համայնքի ղեկավարի կամ այդ համայնքի բնակչի պահանջատիրության մասին ես կարծիք եմ կազմում այդ համայնքի մաքրությամբ: Հայաստանը աղբից ազատելը մեզ համար առանցքային իմաստ և նշանակություն ունի, քանի որ իրական պահանջատեր ու իրավատեր քաղաքացի մենք կունենանք միայն այն պարագայում, երբ Հայաստանի յուրաքանչյուր անկյունի նկատմամբ նա դրսևորի պատշաճ հոգածություն։
 
Մենք պատրաստվում ենք կառավարության անդամներով, վարչապետի անմիջական մասնակցությամբ, բոլոր գերատեսչությունների ղեկավարների, համայնքապետերի հետ միասին քայլել  բոլոր միջպետական, ներհամայնքային ճանապարհների երկայնքով, անձամբ հավաքել  աղբը`  օրինակ  ծառայելով  ՀՀ քաղաքացուն: Սա անելու ենք համառորեն, անելու ենք 1,2,3,5…10 անգամ, մինչև հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացու մոտ բարձրանա այն իրավագիտակցությունը, որ Հայաստանի յուրաքանչյուր անկյուն պատկանում է յուրաքանչյուրիս»:
Նախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ իր հանձնարարականով ՀՀ բոլոր մարզերում կազմվել են շաբաթօրյակի պլաններ՝ ներառելով ՀՀ բոլոր  համայնքներում շաբաթօրյակի կազմակերպման սխեմաները, նախատեսվող միջոցառումները մայրուղիներում, պատմամշակութային և զբոսաշրջային վայրերում, շաբաթօրյակին մասնակից գերատեսչությունների ու կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ակնկալվող տեխնիկայի և գործիքների քանակն ու տեսակը, շաբաթօրյակի ընթացքում նախատեսվող տարերայնորեն ձևավորված աղբակույտերի հեռացման, մաքրման, ինչպես նաև փակման ենթակա աղբանոցների թիվը։ ՀՀ մարզերում ակնկալվում է համապետական շաբաթօրյակին շուրջ 125 հազար քաղաքացիների մասնակցություն, 1700 միավոր տեխնիկայի ներգրավում, 60 հազար մասնագիտացված գործիքների օգտագործում, ՀՀ տարածքում տարերայնորեն ձևավորված 447 աղբակույտերի մաքրում և առկա աղբանոցների հողածածկում, ինչպես նաև 6 աղբանոցների փակում՝ ՀՀ Տավուշի և ՀՀ Սյունիքի մարզերում։ 
 
Անցնելով տարածքային կառավարման ոլորտին՝ նախարարն ամփոփ ներկայացրել է նաև  նախարարության կողմից այդ բնագավառում վարվող քաղաքականության հիմնական ուղղություններն ու իրականացվող ծրագրերը։  
 
Մասնավորապես` ՀՀ մարզերի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի առնչությամբ  նախարար Պապիկյանը նշել է, որ 2018 թվականին ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 3 657 994․3 հազ դրամ՝ 192 ծրագրերի իրականացման նպատակով։ Դրանցից 14-ի շինարարական աշխատանքները ավարտվել են, իսկ 31 ծրագրերի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են տարբեր համայնքներում։ Շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է  գնանշման հարցման 128 հրավերներ։ Առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակում 2019թ․  ընթացքում hանրապետության 100-ից ավելի բնակավայրերում նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման ցանցերի բարեկարգման, վերակառուցման և կապիտալ նորոգման աշխատանքներ։ 
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացի վերաբերյալ նախարարը հայտնել է, որ 2018 թվականի ընթացքում  ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորվել է  152 սուբվենցիայի ծրագիր՝ 1,620 մլրդ ՀՀ դրամի չափով։  2019 թ․ ՀՀ  համայնքներից ստացվել է շուրջ 512 սուբվենցիայի հայտ` 22.6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով, որը, նախարարի բնորոշմամբ, աննախադեպ ցուցանիշ է համայնք- պետություն համաֆինանսավորման համատեքստում։ Նշված հայտերը նախնական են, ներկայումս քննարկվում են ոլորտային գերատեսչությունների հետ և դրական եզրակացության դեպքում ներկայացվում են համայնքներին սուբվենիցայի ամբողջական փաթեթները պատրաստելու նպատակով։ Ընդ որում, սուբվենցիայի ամբողջական փաթեթների ներկայացման վերջնաժամկետ է սահմանված մայիսի 15-ը։ 
 
Անդրադառնալով ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ ՏԿԶ նախարարության համակարգմամբ իրականացվող դպրոցների սեյսմակայունության բարձրացման ծրագրին՝ Սուրեն Պապիկյանը նկատել է, որ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել սեյսմիկ տեսանկյունից անկայուն դպրոցների անվտանգության մակարդակը։ Նախարարը լրագրողներին հիշեցրեց, որ ՀՀ կառավարության 2018թ դեկտեմբերի որոշմամբ  «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում Երևանում կապամոնտաժվի և կվերակառուցվի սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա թվով 6 դպրոց։ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված են 46 դպրոցներ։ 2019 թվականին նախատեսվում է սկսել 30 դպրոցների շինարարությունը: 
Սուրեն Պապիկյանը լրագրողների ուշադրությունն է հրավիրել նաև ԱԳԼՃԿ-ներում հասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքների վրա։ Նախարարը շեշտել է, որ այս գործընթացը նպատակ ունի նաև  զբոսաշրջիկների աչքերում բարելավել մեր երկրի հեղինակությունը, քանի որ միջպետական և ներպետական ճանապարհների եզրերում գտնվող ԱԳԼՃԿ-երի 90 տոկոսի մոտ սանհանգույցները գտնվում են ոչ բարվոք վիճակում: Այժմ ընթանում են դրանց կառուցման կամ վերանորոգման աշխատանքներ։ 
 
Այնուհետև նախարարը պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն