Բժշկական հրաշք. գանգուղեղի ծանր վնասվածքով 2-ամյա Նարեկի փրկության պատմությունը

20-03-2019 18:43:54   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Սիրիահայ Քևոների՝ Գևորգյանների ընտանիքը 6 տարի առաջ գաղթեց Հայաստան: Հենց այստեղ էլ ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված երեխան: 2-ամյա Նարեկը երեք ամիս առաջ տանը սայլակից վայր է ընկնում և կորցնում գիտակցությունը: Երեխային շտապօգնությունը տեղափոխում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր»: բժշկական կենտրոն:  
 
 «Երեխան անհաջող էր ընկել և ծայրահեղ ծանր վիճակում էր: Գանգուղեղում կամրջային երակները կտրվել էին և ծավալային արյունազեղում՝ հեմատոմա էր առաջացել», - նշում է բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը:  
Հիվանդանոց տեղափոխվելու օրը ավելի քան 3 ժամ տևողությամբ բարդ վիրահատությունը հաջող անցավ, թեև երեխայի ապրելու հնարավոր
ությունը գնահատվում էր ընդամենը 1 տոկոս: 
 
«Բավական լայն մուտք կատարվեց՝ տրեպանացիա արվեց, հեռացվեց արյունակույտը: Մենք հասկանում էինք, որ արվածը բավարար չէ, և հնարավոր է ուղեղի այտուց առաջանա: Դրա համար հեռացված ոսկրային մասը սառեցվեց և պահվեց», - նշում է Մարգար Մարտիրոսյանը:  
«Բժիշկները շատ չեն ասում, որ հավատում են հրաշքների, բայց այս դեպքում իսկապես բժշկական հրաշք էր»,- նշում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: 
 
Բժիշկները հաղթեցին, բայց կյանքի համար պայքարը շարունակվեց նաև հաջորդող երեք շաբաթներին: 
 
«Երկար ժամանակ՝ մոտ 20 օր, երեխան վերակենդանացման բաժանմունքում էր՝ արհեստական շնչառությանմբ: Չէր տեսնում, չէր զգում և չէր արձագանքում: Մասնագետների աջակցությամբ հետզհետե այդ ամենը հաղթահարեցինք», - նշում է Նարեկի հայրը՝ Ներսես Քեվոն: 
«Բժիշկների շնորհիվ երեխաս 2-րդ ծնունդ ունեցավ: Մենք ընդհանրապես հույս չունեինք, որ ինքը կվերականգնվի: Ասում էին՝ կարող է փրկվել, բայց ոչ լիարժեք և հաշմանդամ կլինի, բայց ոչ, արդյունքը տեսնում ենք»,-նշում է երեխայի մայրը՝ Աստղիկ Մուրադյանը: 
 
Ապաքինման դրական փոփոխությունները տեսանելի էին ամեն օր: Սակայն բժիշկների համար Նարեկի պատմությունն ավարտված չէր: Մարտի 7-ին կատարվեց երկրորդ վիրահատությունը և գանգոսկրի հեռացված հատվածը վերատեղադրվեց: 
 
Այսօր Նարեկն արդեն
ժպտում է, հասկանում ամեն ինչ ու փորձում խոսել: Ընկնելու օրից հետո ինքնուրույն առաջին քայլերը Նարեկն անում է մեր տեսախցիկի առջև: 
 
«Նարեկն իմ այն առաջին հիվանդներից է, որ հրաշքով փրկվել է: Կարող եմ վստահորեն ասել, որ այս արդյունքի մեջ շատ մեծ դեր է խաղացել հավատը: Հիմա արդեն պայքարում ենք կյանքի որակի համար»,- ասում է նյարդավիրաբույժ Նառա Լալազարյանը:
Բժիշկները վստահ են, որ վերականգնողական կենտրոններում բուժումը շարունակելուց հետո Նարեկը կարող է լիարժեքորեն կյանք վերադառնալ: 
 
Նարեկի պատմությունը մեկն է այն հարյուրավորներից, որոնց մասին քչերը գիտեն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմը պայքարում ու բժշկական հրաշքներ է գործում:
 
«Բժշկական կենտրոնն ամեն տարի սպասարկում է ավելի քան 10 հազար երեխայի: Քառակի, հնգակի ավելի է ամբուլատոր ծառայություններից օգտվողների թիվը», - նկատում է Նիկոլայ Դալլաքյանը: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 322 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար