Մեկնարկել է «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթը
20-03-2019 19:13:01 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Այբ» կրթական հիմնադրամն ուրախ է տեղեկացնել, որ մարտի 21-ին կանցկացվի «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որին գրանցվել է մոտ 39 000 մասնակից Հայաստանի և Արցախի շուրջ 1037 դպրոցից։
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող, աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է։ Ամեն տարի մրցույթն անցկացվում է ավելի քան 80 երկրում շուրջ 7 մլն երեխայի մասնակցությամբ: Իսկ Հայաստանում` 2009 թվականից` «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։
«Կենգուրու» մրցույթը հնարավորություն է տալիս աշակերտներին զարգացնել ոչ միայն իրենց մաթեմատիկական գիտելիքները, այլև մտածելու, տրամաբանելու և դատողություններ անելու կարողությունը։
«Այբ» կրթական հիմնադրամը հավատում է, որ մրցույթի կազմակերպումն ու անցկացումը մեծ ազդեցություն է թողնում Հայաստանի և Արցախի կրթական համակարգի վրա՝ նպաստելով որակյալ կրթության ստեղծմանն ու տարածմանը։
Կից կարող եք գտնել Հայաստանի և Արցախի այն դպրոցների ցանկը, որոնք մասնակցում են «Կենգուրու» մրցույթին։ Երեխաներին ոգևորելու և կրթության, մասնավորապես՝ մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունն աշխուժացնելու նպատակով լրատվամիջոցներին հրավիրում ենք մրցույթը լուսաբանելու՝ ըստ նախընտրած դպրոցի։ Տեղեկացնենք նաև, որ մրցույթն անցկացվում է ժամը 12։00-14։00-ն ընկած ժամանակահատվածում։
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը։ Այն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո: