Հնարավոր են անակնկալ փոփոխություններ. կառավարությունը «կամուկացի» մեջ է․ «Մամուլի տեսություն»


Հնարավոր են անակնկալ փոփոխություններ. կառավարությունը «կամուկացի» մեջ է․ «Մամուլի տեսություն»

  • 20-03-2019 22:44:38   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Դեռ կզանգի, բայց մենք կախարդական փայտիկ չունենք». Սամվել Բալասանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունների կատարած աշխատանքների դիմաց գումարները դեռ չեն վճարել:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Որ ընկերությունը կատարողական կներկայացնի, կստանա գումար, չեն ներկայացրել, դրա համար էլ չեն ստացել, չեն ավարտել աշխատանքները»:
Ի դեպ, Գյումրիի փողոցների անբարեկարգ վիճակի թեման բարձրացվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ, ու նա հայտարարեց, որ այդ հարցով կզանգի քաղաքապետ Բալասանյանին: «Դեռ կզանգի: Ինքը քաջատեղյակ է խնդրին: Որևէ խնդիր չկա: Այնպես որ, մենք կախարդական փայտիկ չունենք, որ միանգամից կառուցենք»,- մեր հարցին պատասխանեց Բալասանյանը»:
 
Համաներում տուգանված վարորդների նկատմամբ. «Ժամանակ»
 
«Ժամանակ» թերթը գրում է. « Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի  համաներման մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է համաներում կիրառել առանց լիցենզիայի մարդատար մեքենաներով տաքսի ծառայություն իրականացրած և ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից տուգանված  վարորդների նկատմամբ. համաներման գումարը 219 մլն 205 հազար դրամ է:
Համաներումը կտարածվի նաև սահմանված թույլատրելի զանգվածը գերազանցելու համար կիրառված տուգանքների վրա, գումարի չափը՝ 44 մլն 500 հազար դրամ»:
 
Հնարավոր են անակնկալ փոփոխություններ. կառավարությունը «կամուկացի» մեջ է. «Փաստ»
 
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը, որն անցած շաբաթ հաստատվեց կառավարության կողմից, դեռևս ընդգրկված չէ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: Այս հանգամանքն առաջացրել է պատգամավորների անհանգստությունը:
Ըստ մեր տեղեկությունների՝ սա պայմանավորված է նրանով, որ կառավարությունում «կամուկացի» մեջ են, և, ըստ խոսակցությունների, վերջին փուլում դեռևս հնարավոր է հետաքրքիր շրջադարձեր տեղի ունենան: Կան տեղեկություններ, որ կառավարությունում նախատեսված օպտիմալացման և միացման ենթակա նախարարությունների մասով հնարավոր է լինեն անակնկալ փոփոխություններ»:
 
Իրավապահ համակարգը՝ խնդրի առաջ. ավտովթարների փորձագետ չկա. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պատճառով ՀՀ իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առաջ: Բանն այն է, որ մի շարք քրեական գործերով` հատկապես ավտովթարների հետ կապված, նախաքննական մարմինը փորձաքննություններ է նշանակել և այդ փորձաքննության նշանակման գործը վստահել է փորձագիտական կենտրոնին:
Բայց հիմա այդ կենտրոնից կադրային արտահոսք է սկսվել. ավտոդատատեխնիկական փորձաքննությունների բաժնի բոլոր մասնագետները դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին, ու չկա մարդ, որ կարողանա եզրակացություն տալ:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց այդ փորձագիտական կենտրոնի ղեկավար Արտաշես Սուչյանին, որը, սակայն, հերքեց այդ լուրերը. «Նման բան չկա, ուշացումը կախված է բացառապես փորձագետների ծանրաբեռնվածությամբ: Ազատումներն ու ընդունումները բնականոն աշխատանքային պրոցեսներ են, մարդն այսօր ցանկանում է այստեղ, մի օր էլ` այլ տեղ, դա կապ չունի»»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն