«Էյ Թի Փի» ԲՀ-ը հպարտորեն հայտարարում է իր 25-ամյակին նվիրված ծրագրերի և միջոցառումների մասին
21-03-2019 14:06:57 | Հայաստան | Հասարակություն
Անտառների միջազգային օրվա կապակցությամբ «Էյ Թի Փի» ԲՀ-ը հպարտորեն հայտարարում է իր 25-ամյակին նվիրված ծրագրերի և միջոցառումների մասին, որոնք կիրականացվեն 2019 -2020 թթ. ընկած ժամանակահատվածում: Հիմնադրվելով 1994թ.-ին ամերիկահայ բարերար և ակտիվիստ Քարոլին Մուգարի կողմից՝ «Էյ Թի Փի»-ն զգալի ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման մեջ՝ տնկելով ավելի քան 5.7 միլիոն ծառ և ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր:
«Էյ Թի Փի»-ի 25-ամյակի առթիվ կազմակերպվող տարբեր հոբելյանական միջոցառումներն էապես կնպաստեն Հիմնադրամի լայն ճանաչմանն ու մինչ այժմ ձեռք բերած հաջողությունների լուսաբանմանը: «Էյ Թի Փի»-ն Երևանում կգումարի «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերն ու Հայաստանը» խորագրով անդրանիկ համաժողովը, որը տեղի կունենա Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնում հոկտեմբերի 20-23 ընկած ժամանակահատվածում: Համաժողովի խոսնակների անուններն ու հետագա այլ մանրամասները կհայտարարվեն առաջիկա շաբաթների ընթացքում:
«Հոբելյանական այս տարին գնալով ավելի ոգևորիչ է դառնում կազմակերպության առաջընթացի և զարգացման առումով: Մենք հպարտ ենք մինչև հիմա մեր ունեցած ձեռքբերումներով և ծառերի միջոցով Հայաստանի ժողովրդին օգնելու և շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքների համար: Ավելին, ոգևորված ենք առաջիկա աշխատանքներով և այն գործընկերներով և մարդկանցով, որոնք հետագայում կմիանան մեզ»,- նշեց «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:
Աշնանը «Էյ Թի Փի»-ն Հայաստանում կտնկի իր 6 միլիոներորդ խորհրդանշական ծառը, իսկ ԱՄՆ-ում կանցկացնի մի շարք ընդունելություններ իր աջակիցների համար՝ ի գնահատումն կազմակերպության հանդեպ նրանց ունեցած նվիրումի:
«Վերջին 25 տարվա ընթացքում «Էյ Թի Փի»-ն աջակցություն է ստացել մեծամասամբ ամերիկահայ համայնքից, ինչպես նաև Եվրոպայի և Հայաստանի մի քանի նվիրատուներից: 2019թ.-ին նախատեսված միջոցառումների ընթացքում մենք կտոնենք և կներկայացնենք Հիմնադրամի մինչ այժմ գրանցած հաջողությունները և ապագայի հավակնոտ տեսլականը»,-նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:
«Էյ Թի Փի»-ի ծրագրային հիմնական նպատակներն են. ծառերի տնկում քաղաքային և գյուղական վայրերում, բնապահպանական կրթություն և կայուն զարգացում ու աղքատության կրճատում:
Հայաստանի անտառածածկ տարածքների նվազեցումը պայմանավորված է եղել մի շարք գործոններով, այդ թվում՝ ապօրինի և չվերահսկվող ծառահատումներով, կենցաղում կիրառվող վառելափայտի օգտագործմամբ, 1990-ականներին երկրում տիրող էներգետիկ ճգնաժամով, հանքարդյունաբերական ընկերությունների ակտիվ գործունեությամբ և կլիմայական փոփոխություններով: Հողի էրոզիան, կենսամիջավայրի կորուստն ու ոչ բավարար քանակությամբ ջրի առկայությունը հանգեցրել են անտառային ծածկույթի կրճատմանը:
«1990-ականներին մեծ թափով ընթացող ծառահատումները լրջագույն վտանգ էին ներկայացնում առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող Հայաստանին և տանում էին անապատացման: Ահա այդ ժամանակ էր, որ «Էյ Թի Փի»-ն հանձն առավ վերականգնելու և ավելացնելու կանաչապատ տարածքները: Կրթության և անտառվերականգնման միջոցով վերջինս մշտապես ներգրավված է շրջակա միջավայրի բարելավման և բնապահպանության ոլորտում դրական փոփոխություններ ներմուծելու աշխատանքներում:
Միջոցառումների և Հիմնադրամի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.armeniatree.org.
ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է` տեղակայված Ուոբուրն և Երևան քաղաքներում: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի քաղաքներում և գյուղերում։
1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում` գործելով կենսաբազմազան, սակայն վտանգված Կովկասյան տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են ավելի քան 5700000 ծառեր և ստեղծվել բազմաթիվ աշխատատեղեր: «Էյ Թի Փի»-ն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ներգրավելով միջոցներ անտառների վերականգնումը ֆինանսավորելու համար: Մեր կողմից աճեցված և տնկված ծառերը կենսական նշանակություն ունեն. նրանք մարդկանց ապահովում են սննդով, փայտով, բնապահպանական բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով:
«Էյ Թի Փի»-ն ունի ավելի քան 80 աշխատակից Հայաստանում: Երևանյան մասնաճյուղն ապահովված է չորս ժամանակակից տնկարաններով և բնապահպանական կրթության համար նախատեսված երկու կենտրոններով:
Երևանյան մասնաճյուղը համագործակցում է համայնքային բնակչության հետ` միկրո-ձեռնարկությունների (տնամերձ տնկարաններ) ստեղծման միջոցով, հիմնում է հանրային օգտագործման կանաչ գոտիներ, անտառապատման միջոցով վերականգում է էռոզացված անտառային հողեր: Նոր անտառներ տնկելու նպատակով հիմնադրամը ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծում հարյուրավոր մարդկանց համար։