Նոյեմբերյան-Երևան միկրոավտոբուսները տաքսիների հետ անահավասար պայքարից հետո դադարեցին աշխատել. ՀԺ


Նոյեմբերյան-Երևան միկրոավտոբուսները տաքսիների հետ անահավասար պայքարից հետո դադարեցին աշխատել. ՀԺ

  • 21-03-2019 18:08:32   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին, գտնվելով պարբերական շահագործման կամ դադարի մեջ, արդեն 15 օրից ավելի է՝ դադարեցրել է աշխատանքը: Ամեն օր Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան երթուղին իր աշխատանքը սկսում էր Այրում քաղաքից, այնտեղից` Նոյեմբերյան, իսկ վերջին կանգառը Երեւանի կենտրոնական ավտոկայանն է: Հակադարձ ուղղությամբ երթուղին դուրս է գալիս կեսօրին Երեւանի կենտրոնական ավտոկայանից: Այդ երթուղում սպասարկում էր 2 տրանսպորտային միջոց`15 եւ 18 տեղանոց նստատեղերով: Միկրոավտոբուսային երթուղում տոմսի արժեքը 2000 դրամ էր:
 
Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղու դադարեցման  հիմնական պատճառր տաքսիների հետ անհավասար մրցակցությունն է: Եթե միկրոավտոբուսային երթուղին 2000 դրամով, կանգառից կանգառ անցնելով, երկար ժամանակում մարդկանց հասցնում է քաղաք, ապա տաքսի ավտոմեքենաները 3-4 ուղեւորներին վերցնում են Նոյեմբերյանի տարածաշրջանի ցանկացած վայրից, հասցնում Երեւան` ուղեւորին անհրաժեշտ տեղը, կամ նույնիսկ հասնում Երեւանին հարակից բնակավայրեր:
 
Երթուղում գործում են ինչպես անհատ տաքսիներ, այնպես էլ տաքսի ծառայություններ: Սովորաբար տաքսին մեկնում է, երբ լրանում են պահանջվող 4 ուղեւորները: Իսկ քանի որ միշտ չէ, որ ուղեւորների անհրաժեշտ թիվը շուտ է լրանում, մարդիկ ստիպված են լինում սպասել այնքան, մինչև ուղեւորները կհավաքվեն: 
Տաքսի ծառայություններով Նոյեմբերյանից Երեւան և հակառակ ուղղությամբ մեկ անձի փոխադրումը արժե 3 հազար դրամ: Բնականաբար սկզբում ուղեւորները նախընտրում են վճարել 1000 դրամ ավել և արագ հասնել իրենց ուզած տեղը, սակայն «ուղեւորների հավաքման» երկարատեւ գործընթացի պատճառով ոչ միշտ են արագ  հասնում իրենց ուզած տեղը: Չհաշված նաեւ այն հանգամանքը, որ տաքսիները ուղեւորներ են հավաքում տարբեր վայրերից և բավականին երկար ժամանակ է պահանջվում մինչև 3-4 ուղեւորների հասցնում են քաղաքի տարբեր վայրեր:
 
Մինչդեռ միկրոավտոբուսային երթուղին ուներ մեկնումի հստակ ժամ, որը նոյեմբերյանցիները «անգիր գիտեին» և «իրենց գործերը հարմարեցնում էին երթուղու ժամերին»: Տաքսիների վարորդները նաև ուղեւորների հետ ունենում են պայմանավորվածություն, որ Երեւան եկած ուղեւորները Նոյեմբերյան  վերադառնան նույն տաքսիով:
 
Այսօր միկրոավտոբուսային երթուղու դադարեցման պատճառով նոյեմբերյանցիներից շատերը հայտնում են իրենց դժգոհությունը, քանի որ երթուղու դադարեցմաբ վերանում է Նոյեմբերյանը Երեւանին կապող, «ժողովրդին հասանելի» միակ տրանսպորտային միջոցը:
 
Վարորդներն էլ իրենց հերթին չեն ուզում աշխատել, քանի որ ուղեւորների սակավության պատճառով չեն կարողանում շահույթ ունենալ: «Աշխատած գումարն էլ հազիվ բավականացնում է մեքենաների անսարքությունը կարգավորելու համար»: 
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Հայկական ժամանակին» տեղեկացրեց, որ երթուղին պատկանում է անհատ ձեռնարկատիրոջ՝ Գուրգեն Մարտիրոսյանին, որը երթուղին գործարկել է 2018թ. օգոստոսից: «Տեղը թափուր էր երկար ժամանակ, բայց 2018թ. օգոստոսից անհատ ձեռնարկատիրոջ խնդրանքով նախարարությունը նրան սպասարկման իրավունք է տվել: Բայց քանի որ ուղեւորահոսքի ծավալի պակաս կար, փոքր ուղևորահոսք էր, Մարտիրոսյանը դիմում է գրել, հրաժարվել: Երթուղու դադարեցումը կախված էր նաեւ անհատական տրանսպորտային միջոցների առկայության ավելացումից: Մարդիկ այսօր նախընտրում են երթեւեկել սեփական տրանսպորտային միջոցներով»- մեր զրույցում հայտնեցին նախարարությունից:
 
«Հայկական ժամանակը» կապ հաստատեց նաև երթուղու սեփականատիրոջ` Գևորգ Մարտիրոսյանի հետ, ով պատմեց, որ երթուղու աշխատանքը դադարեցվել է տաքսիների առատ հոսքի պատճառով. «Ինձ շատ են խանգարում տաքսիները, մարդիկ  ավտոբուս չեն նստում ուղղակի, մեքենան դատարկ գնում է, դատարկ հետ գալիս, ովքեր էլ միշտ ինձ հետ էին գալիս, հիմա նրանց ասում են` ամոթ չի մարշուտկով էք գնում` տաքսին թողած: Տաքսիները գալիս են, դիմացովս անցնում, գնում են տան դիմացից վերցնում մարդկանց, հետո էլ տան դիմաց տանում իջացնում`1000 դրամի տարբերությամբ»: Մարտիրոսյանի խոսքով` այս անհավասար պայքարը իր միկրոավտոբուսների և տաքսիների միջև առաջացել է այն պատճառով, որ «ամեն տեղից ելնող տաքսի է քշում» և եթե տաքսիները չխուսափեին հարկ վճարելուց, այս խնդիրը չէր լինի:
 
Մեր հարցին, թե հնարավո՞ր է երթուղին նորից վերագործարկի, Մարտիրոսյանը ասաց. «Եթե գոնե 6  ամիս ինձ հնարավորորություն տան առանց հարկի աշխատեմ, ուղեւորներ հավաքեմ, հնարավոր է՝ նորից աշխատեմ: Գծում քշած վարորոդներ կան, որ ուղեւորներ հավաքելու համար 1500 դրամ են սարքել ուղեվարձը, բայց էլի մարդիկ տաքսիներ են նստում, դե բա տաքսիներն էլ հարկ չեն վճարում, պետք լինի՝ 1500-ով էլ կտանեն ուղեւորներին»:
 
Ի դեպ, Մարտիրոսյանի խոսքով` մրցույթով է գործարկել 664 երթուղին և մրցույթում միակն է եղել, ով համարձակվել է Նոյեմբերյան-Երեւան երթուղին շահագործել: Մարտիրոսյանը չի հրաժարվում հարկ վճարելուց, միայն ուզում է «մեքենան դատարկ դուրս չգա աշխատանքի»:
 
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է՝ սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանից Երեւան և հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտը պարբերաբար խափանումների մեջ էր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play