Նոր աշխատանք են գտել. Ովքեր են Ռոբերտ Քոչարյանի միջոցներից վարձատրվող ֆեյքերը. «Մամուլի տեսություն»



21-03-2019 21:22:33   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Նոր աշխատանք են գտել. Ովքեր են Ռոբերտ Քոչարյանի միջոցներից վարձատրվող ֆեյքերը. «Ժամանակ»
 


«Ժամանակ» թերթը գրում է. « Կրճատման ենթակա նախարարությունների աշխատակիցները իրենց համար նոր
աշխատանք են գտել. նրանք տարբեր ֆեյքերի տակ զբաղվում են սոցիալական ցանցերում իշխանությունների քննադատությամբ, նման բովանդակությամբ հոդվածներ հավանելով և տարածելով՝ դրա համար վարձատրվելով Քոչարյանի միջոցներից:
Այս մարդկանց բարոյական արդարացումն այն է, որ իշխանությունն իրենց նեղացնում է, իրենք էլ ընդհատակյա ընդդիմադիր են»:
 
ՀՔԾ-ն դիմել է այլ միջոցների. Մանվել Գրիգորյանի իրական առողջական խնդիրները շուտով կպարզվեն. «Ժողովուրդ»
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, և արդյոք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ կաշառքի գործով կալանավորված Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց` հօգուտ մեղադրյալի:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ՀՔԾ լրատվական բաժնից հաստատել են տեղեկությունները. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական
համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմի միջնորդած 3 փորձագետներ»»:
 
«Այդ աթոռին իր անիմաստ կյանքն է երկարացնում». Արթուր Դավթյանի հանդիպումը «Իմ քայլի» հետ հետաձգվել է. «Հրապարակ»
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Դժվար էր պատկերացնելը, որ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն այդքան կառչած կլինի սեփական աթոռից, բացի նրանից, որ նա չերկնչեց սեփական թիմակիցների դեմ գործեր հարուցելուց, անձամբ Քոչարյանի դեմ դատական նիստին մասնակցելուց, հիմա էլ ամեն ինչ անում է` իր անիմաստ կյանքն այդ աթոռին երկարացնելու համար»,- ասաց ԱԺ իշխանական աղբյուրը` տեղեկացնելով, որ օր էր ֆիքսված` մարտի 19-ը, և Արթուր Դավթյանը, դատախազի տարեկան հաղորդումն ԱԺ-ին ներկայացնելուց առաջ, պետք է հյուրընկալվեր մարդու իրավունքների հանձնաժողովում, պատասխաներ պատգամավորներին հետաքրքրող հարցերին, սակայն պարզվել է, որ այս պահին «արձակուրդում» է, և հանդիպումը հետաձգվում է։
Ի դեպ, նախորդ շաբաթ էլ սպասվում է «Իմ քայլի» հանդիպումն Արսեն Թորոսյանի հետ՝ նրա ֆեյսբուքյան հայտնի ստատուսի պարզաբանման առնչությամբ, սակայն այն ևս «քենսըլ»  արվեց. «Ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը գտավ, որ դա միջանձնային` առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և Արսեն Թորոսյանի հարաբերություններն են, ուստի հանդիպում պետք չէ»»:
 
Երեւանի պետական համալսարանը թեւակոխել է փոփոխությունների մի նոր փուլ։ Դա համալսարանը կտանի՞ դեպի առողջացում, թե՞ ընդհակառակը. «Հայկական ժամանակ» 
 
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է․ Երեւանի պետական համալսարանը թեւակոխել է փոփոխությունների մի նոր փուլ։ Դա համալսարանը կտանի՞ դեպի առողջացում, թե՞ ընդհակառակը, ցույց կտա ժամանակը։ Արդեն իսկ աշխատանքից ազատվել են գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն ու աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը։ Մինչ այդ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել էր սպասվող կադրային ու կառուցվածքային փոփոխությունների մասին։ Աշխատակազմի ղեկավարի հաստիքը կարծես թե այլեւս չի լինելու, իսկ թե ով է փոխարինելու պաշտոնանկ արված Գեղամ Գեւորգյանին, առայժմ չի նշվում։ ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը պատասխանեց, որ այդ մասին կհայտնեն նոր նշանակումն արվելուց հետո։ Չհաստատված տեղեկություններով՝ ապագա պրոռեկտորը երիտասարդ կադր է եւ առայժմ աշխատում է Սլավոնական համալսարանում։ Ռեկտորը պատրաստվում է առաջիկայում նրան ներկայացնել աշխատակազմին։ Երեւանի պետական համալսարանում արդեն մի քանի օր լուրեր են պտտվում, որ աշխատանքից ազատվել կամ ազատվելու է նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը։ ԵՊՀ մամուլի խոսնակն ասաց, որ Գրիգորյանը շարունակում է աշխատել։ Իսկ այդպիսի զարգացումների հնարավորությունը չեն մեկնաբանում ոչ խոսնակը, ոչ էլ պրոռեկտորը։ Վերջինս միայն ասաց, որ ինքն աշխատում է: Պաշտոնից հեռացված պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը քառորդ դրույքով շարունակում է մնալ համալսարանի պրոֆեսոր, նաեւ գիտական խմբի եւ դրամաշնորհի ղեկավար է։ 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1709 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար