Հարուցվել է երկրորդ քրգործը՝ Օպերայի մոտ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ


Հարուցվել է երկրորդ քրգործը՝ Օպերայի մոտ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

  • 22-03-2019 14:48:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մարտի 14-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է եւս մեկ քրեական գործ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։ Խաչատրյանի խոսքով՝ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով։
 
Արեւիկ Խաչատրյանը նշեց, որ գործը հարուցել է ՀՀ ոստիկանությունը։ Նախնական տվյալներով՝ ոստիկանի ծառայություն իրականացնելու ժամանակ քաղաքացիները հրմշտոց են սկսել, որի ընթացքում նա անհայտ անձի կողմից հարված է ստացել կրծքավանդակի հատվածում։
 
Հիշեցնենք, որ մարտի 15-ին մեկ այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ էլ քրեական գործ էր հարուցել ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը։
 
Նշենք, որ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
 
Նախաքննությունը շարունակվում է։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը