Նախարար Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր


Նախարար Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

  • 22-03-2019 15:04:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագը, նույն գործակալության Կենտրոնական Ասիայի երկրների և Հայաստանի հարցերով ղեկավար Ֆանեթ Բաղդենը և այլ պաշտոնատար անձինք։ 
 
Ջերմորեն ողջունելով բարեկամ երկրի պատվիրակությանը՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու պետությունների և ժողովուրդների միջև առանձնահատուկ մակարդակի գործընկերային և դաշնակցային հարաբերությունները քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, կրթամշակութային հաղորդակցության, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։ Հայ-ֆրանսիական փոխգործակցության առանցքում նախարարն անկյունաքարային է համարել Ֆրանսիայի և Հայաստանի վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված սերտ համագործակցությունը և հավելել, որ հայկական կողմը հավատարիմ է այս գործընթացում շփումների նոր եզրեր գտնելու իր հանձնառությանը։ Նախարար Պապիկյանը հատուկ արժևորել է էներգախնայողության, ոռոգման համակարգերի, ջրամբարաշինության ոլորտներում Զարգացման ֆրանսիական գործակալության ծավալած լայնամասշտաբ գործունեությունը և ընդգծել, որ գործակալությունն առանցքային դեր ու նշանակություն ունի  Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, գործակցության օրակարգի հարստացման տեսանկյունից։  
 
Իր հերթին դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ անցած տարվա գարնանային իրադարձություններից հետո ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շեշտակի մեծացել է  Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ շահագրգռվածությունը։ Դեսպանը նաև հույս է հայտնել, որ այս տարվա աշնանը Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին ընդառաջ` կողմերին կհաջողվի համակարգել բոլոր գործնական ծրագրերն ու գաղափարները և ներկայանալ փոխգործակցության պատրաստի թղթապանակներով։ 
Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագն  արդյունավետ  է որակել տարբեր ծրագրերի շուրջ ՀՀ ՏԿԶ նախարարության հետ համագործակցությունը և ասել, որ Վեդու ջրամբարի հաջողված օրինակով գործակալությունը պատրաստակամ է առավել խորը ներգրավվել ու օժանդակել Հայաստանի էներգախնայող և ջրային ենթակառուցվածքային կարողությունների հզորացմանը։
 
Ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ վերահաստատել է բոլոր ուղղություններով հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդմանը և համատեղ իրականացվող ծրագրերի աշխարհագրության ընդարձակմանը միտված հայկական կողմի պատրաստակամությունը և նկատել, որ հենց երկու երկրների և ժողովուրդների շահերից է բխում զարգացման ընդհանուր տեսլականի ձևավորումը։  
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն