Նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական խմբին


Նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական խմբին

  • 22-03-2019 16:27:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետական կառավարման համակարգում բարեփոխումների քաղաքականության ձևավորման, կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացման, գերատեսչական կարողությունների հզորացման, արձագանքող քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության ապահովմանն առնչվող թեմաներ։
 
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պետական կառավարման ոլորտում Բարրի Ջեքսոնի մասնագիտական խորը գիտելիքներն ու տարիների կուտակած փորձառությունը և ընդգծել, որ նախարարությունը հետաքրքրված է պետական կառավարման համակարգի ու կառուցվածքի արդիականացմանն ընդառաջ ծանոթանալ կառավարման և բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձին։
 
Բարրի Ջեքսոնը, ծանոթանալով նախարարության կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին, նշել է, որ շահագրգռված է ՀՀ ՏԿԶ նախարարության հետ ունենալ երկարաժամկետ համագործակցության ծրագիր՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական ու մասնագիտական ներուժով նպաստել գերատեսչության կարողությունների բարելավմանն ու հզորացմանը։
 
Իր հերթին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ կարևորել է փոխադարձ համագործակցության հեռանկարը և հույս հայտնել, որ նախարարության կողմից ռազմավարական ուղղությունների նախանշման, տարածքային քաղաքականության մշակման ու վարչատարածքային բարեփոխումների իրականացման գործում իր մասնակցության չափաբաժինը կունենա նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի խորհրդատվական խումբը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play