«Արամին նրանք չեն հետապնդել ո՛չ 1996-ին, ո՛չ 15 տարի անց, փոխարենը՝ ինձ և՛ 1996-ին և հիմա՝ 23 տարի անց հետապնդում են». Մհեր Ենոքյան

23-03-2019 11:27:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Զարմանալի է, բայց ինչքան մենք խորանում ենք հանգուցյալ դատավոր Զինավար Ղուկասյանի կողմից իմ նկատմամբ կայացված մահապատժի դատավճռի բուն էության մեջ, ամեն անգամ մի նոր բան է ջրի երես դուրս գալիս: Դատական նոր վիճարկման հետ կապված նորից ուսումնասիրում ենք բոլոր հանգամանքները։
 


Դատական նիստերի արձանագրություններն էինք վերընթերցում, երբ Զարուհին նայեց դատական առաջին նիստը սկսելու ամսաթիվը՝ 1996 թ․-ի նոյեմբերի 18, իսկ մահապատժի դատավճիռը կայացվել է նույն տարվա նոյեմբերի 29-ին, այսինքն՝ 11 օր անց։ Հայաստանում չկա որև
է այլ մահապատժի դատավճիռ, որը կայացված լինի ընդամենը 11 օրվա ընթացքում, չզարմանաք՝ դատաքննությունը համարվել է ավարտված 3 օրում` նոյեմբերի 18, 20 և 21: Սա աբսուրդի գագաթնակետն է: Ցանկացած պրակտիկ իրավաբան, փաստաբան, որը դատարաններում պարբերաբար է լինում, կվկայի՝ նման բան անհնար է։ Զարուհու մագիստրոսական թեզի նյութ է դարձել ավելի, քան 70 դատավճիռ, դրանց կեսը կայացվել է 1990-ականներին, բայց նման տարօրինակ շտապողականությամբ քննված գործ նա չի
արձանագրել։
 
Իսկ եթե սրան գումարենք այն, որ իմ գործով նախաքննությունը տևել է ընդամենը 2 ամիս, տխուր պատկերը կամբողջանա: Հիմա մեկ փորձաքննությունն է հաճախ ամիսներ տևում, էլ չեմ ասում՝ դատավարությունները նույնիսկ՝ մեկ տարի և ավելի: Օրինակ՝ մեր տեսակցությունների տարեկան մեկանգամյա լինելու սահմանափակման հետ կապված դատաքննությունը տևեց կես տարի, տեղի ունեցավ 7-8 դատական նիստ, իսկ մարդուն մահվան դատապարտելը` 11 օր ու 2 նիստով:
 
Հարց` ո՞րն էր նման անթույլատրելի, արդարադատության շահերից չբխող շտապողականությունը: Ինչու՞ և ինչպե՞ս էր տուժող կողմը, մեղադրանքի կողմը, պետությունը, դատարանը գնացել նման հապճեպությամբ գործ քննելու, երբ օրենքով ուներ գործի լրիվ, բազմակողմանի, լրիվ քննության պարտավորություն, ինչո՞ւ և ո՞ւմ էր ձեռնտու նման արագությամբ փակել գործը և ինձ շտապ ուղարկել մահապատժի դատապարտվածների խուց, որտեղ որպես կանոն ամեն տարի մի քանի մարդ էր մահանում սովից, ծեծ ու ջարդից: Եվ ամենակարևորը` չկար կապ արտաքին աշխարհի հետ`լրագրողների և միջազգային կազմակերպությունների մուտքը, հանդիպումները արգելում էին:
 
Միխայիլ Աղաջանովը և նրա ընտանիքը, հենց դատավճռով իրենց որդու` Իոսիֆ Աղաջանովի կոկորդը կտրող-սպանող Արամ Հարությունյանի համար ոչ միայն չի պահանջել մահապատիժ, այլ առհասարակ որևէ պատիժ: Աղաջանովները, անօրեն կերպով տեղեկացվելով ներման գործընթացի մասին և սահմանադրական իմ իրավունքի կիրառումը խափանելուն ուղղված գործողությունների ժամանակ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն էին անում, թե իբր Արամի համար նույնպես մահապատիժ են պահանջել և ավելացնում, թե պետությունը որոշեց 15 տարվա ազատազրկման դատապարտել նրան ու, որ իրենք ոչինչ չէին կարող անել դրա դեմ: Նորից շեշտում եմ՝ նախ նրանք Արամի համար մահապատիժ ու ոչ մի պատիժ չեն պահանջել և երկրորդ` տուժողը իրավունք ունի, և բազմաթիվ տուժողներ օգտվում են իրենց այդ իրավունքից` բողոքարկել վերադաս դատական ատյան` պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել: Աղաջանովների ընտանիքը չի բողոքարկել Արամի 15 տարվա պատիժը ՀՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատ: Էլ չեմ ասում այն մասին, որ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Աղաջանովը նշել է, որ Արամը իր վրա նորմալ տպավորություն թողեց: Արամին նրանք չեն հետապնդել ո՛չ 1996-ին, ո՛չ 15 տարի անց, փոխարենը՝ ինձ և՛ 1996-ին և հիմա՝ 23 տարի անց հետապնդում են։
 
Քրեական գործում առկա են ոչ միայն տեղացի աշտոնատար անձանց, (օրինակ` բուհի ռեկտոր Վիլեն Հակոբյանի, որը պահանջել է ծայրագույն պատիժ) ճնշումների մասին վկայող նամակներ ու ստորագրություններ, այլև՝ ուրիշ պետության պաշտոնյայի։ Ռուսաստանի դաշնությունից, Մասկվայից, Կրեմլից ՌԴ նախագահ Ելցինին կից մարդու իրավունքների հանձնաժողովից ոչ միայն անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ նաև ՀՀ գլխավոր դատախազին, իսկ այնուհետև, երբ գործն արդեն դատարան է հասնում, նույն հանձնաժողովից նամակ են հասցեագրում նաև ՀՀ գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանին։
 
Ամենացնցողը խնդրանքն է՝ ուշադրությո՛ւն, Մոսկվայից, Կրեմլից խնդրում են ոչ թե արդարադատություն իրականացնել, այլ վրեժխնդիր լինել՝ ВОЗМЕЗДИЕ: Ավելին՝ այդ հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, թե ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի փորձագետի իր դիրքը պարտավորեցնում է իրեն հիշյալ հարցով հայաստանյան դատարանի նախագահին դիմելու համար։ Նամակն, ի դեպ, հատուկ պաշտոնական բլանկով է, որի վրա գրված է՝ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողով։ Սա անթույլատրելի է ոչ միայն էթիկայի տեսակետից, այլ՝ հակաօրինական։ Նախ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող պաշտոնյան իրավունք չունի հակաօրինականություն պահանջել: Երկրորդ՝ այս անձը պահանջել է անկախ Հայաստանի հանրապետությունից, շեշտում եմ` անկախ պետության, անկախ դատարանից` չթողնել կատարվածն առանց վրեժխնդրության: Երրորդն ու ամենակարևորը՝ սա կոնկրետ ճնշում է ոչ միայն դատարանի վրա, այլև պետության, սա միջամտություն է անկախ պետության ներքին գործերին, արդարադատության գործընթացին առհասարակ։ Հնարավոր համարո՞ւմ եք արդյոք՝ Հայաստանից նման միջամնտություն, օրինակ, ՌԴ-ում կատարված սպանության գործով։ Բնականաբար, դժվար է նման անօրինականություն պատկերացնելը։ Սա եղել է ակնհայտ, նախադեպը չունեցող անօրինական ճնշում, միջամտություն մեր` անկախ Հայաստանի հանրապետության անկախ դատարանի վրա` անօրինական պահանջով: ՌԴ բարձր պետական մարմին ներկայացնող անձը որևէ կերպ իրավունք չի ունեցել միջամտել արդարադատության իրականացմանը և խոչընդոտել արդար նախաքննությանը և դատաքննությանը, ավելին՝ պարտադրել վրեժխնդրություն:
 
Լինելու են նաև նոր բացահայտումներ: Մենք գնում ենք իրավունքի և օրենքի ճանապարհով:
 
Հ․Գ․ Արդար դատաքննության ու իրավական մեխանիզմների կիրառմամբ իմ ազատություն վերադառնալու համար արդեն ստորագրել են  2500 քաղաքացիներ` միայն թղթային տարբերակով` նշելով իրենց անձնագրային ու նույնականացող այլ տվյալներ: Ստորագրահավաքը շարունակվում է, արձագանքել են նաև կամավորներ, որոնք իրենց մարզերում կամ մայրաքաղաքում օգնում են կնոջս: Անչափ շնորհակալ եմ բոլորիդ` նախևառաջ ձեր իրավագիտակցության և արդարության պահանջի համար: Ի տարբերություն Աղաջանովների ընտանիքի, ովքեր Բժշկական համալսարանին ենթակա երկու հիվանդանոցներում ստորագրություններ հավաքեցին` իմ սահմանադրական իրավունքը իրականացնելուն դեմ պահանջով, դուք պահանջում եք արդարադատություն, իրավունքի և օրենքի կիրառում:
 
Տեղյակ եմ, որ մեր ակցիաների ընթացքում վաճառվել է Լեռ Կամսարի «Բանտիս օրագիրը» իմ թարգմանած գրքի 47 և հեղինակածս «Զգացնումքների պետություն» գրքի՝ 56 օրինակ, նվիրել ենք 22 գիրք։ Առաջին գրքի հասույթը մոտ օրերս կփոխանցվի վիրավոր զինվորներին։ Երկրորդի գումարը կծառայի նոր գրքիս տպագրության համար։  
 
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար