1996-ի հանցագործությունը անմայման բացվելու է՝ անկախ Փաշինյանի ցանկությունից. zham.am


1996-ի հանցագործությունը անմայման բացվելու է՝ անկախ Փաշինյանի ցանկությունից. zham.am

  • 25-03-2019 13:45:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

zham.am 2008-ի մարտի 1-ի գործի նման ընթացքը, այնուհետ Շիրխանյանի արդեն հայտնի դարձած նամակի պատմությունը անխուսափելի են դարձնելու 1996-ի հանցագործության բացահայտման խնդիրը:
 
Քանզի 1995-ը և հատկապես 1996-ը հիմք դարձան հետագա զարգացումների համար:  Եթե չլիներ 1996-ի պետական հեղաշրջման փաստը, չէր լինի նաև 1998-ի իշխանափոխությունը:  Ընտրությունների պարբերաբար կեղծման ավանդույթը չէր հիմնավորվի Հայաստանում:
 
Եվ ուրեմն այս ավանդույթի  արմատախիլ լինելու համար պետք է ամբողջովին բացահայտվեն 1996-ի պետական հեղաշրջման բոլոր դրվագները: Ով է հրաման տվել բանակին՝ ընտրական գործընթացներին միջամտելու համար, ովքեր են կեղծել ընտրությունները, և ում հրամանով բանտեր գցվեցին 200-ից ավել գործիչներ, որոնց մեծ մասին բանտերում տանջում էին ամենաանմարդկային ձևով:
 
Այս ամենը արձանագրված է միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից:
 
Փաստացի 95-ին և 96-ին հիմնադրվեց Հայաստանում ընտրություններ կեղծելու ավանդույթը, և դրա համար մինչ այսօր ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
 
Ինչու՞ այդ ժամանակ իշխանությունները գնացին ընտրություների կեղծման, պատասխանն ակնհայտ է, քանի որ նրանք պետք է պատասխան տային խորհրդային տնտեսության փլուզման և կազմակերպված թալանի համար: Թալան, որի ընթացքում Հայաստանի տնտեսությունը կրճատվեց ավելի քան 10 անգամ: Ճիշտ է, դրա համար կային նաև օբյեկտիվ պատճառներ՝ԽՍՀՄ-ի փլուզում, պատերազմ, սակայն օբյեկտիվ պատճառների հետ մեկտեղ կային նաև բացառապես սուբյեկտիվ գործոններ, որոնք  ամբողջացրերին  Խորհրդային Հայաստանի տնտեսության համընդհանուր թալանը՝ երկիրն ու բնակչությանը հասցնելով աղքատության ծայեզրին: Դրա համար, այդ  թալանը կոծկելու համար, սկզբում սպանվեց խորհրդային Հայաստանի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանը, իսկ հետո, լկտիաբար, օրը ցերեկով,  գնդակահարվեց հանրապետության երկաթգծի ղեկավար Համբարձում Ղանդիլյանը: Իսկ Աշտարակի գործկոմի նախագահի և նրա ընտանիքի անդամների սպանությունը ու մնացած չբացահայտված սպանությունները նույնպես այդ շարքից էին: Դա այն ժամանակվա իշխանությունների նախազգուշացումն էր Կարեն Դեմիրճյանին ու նրա շրջապատին, որ չփորձեն՝ կարոտախտը օգտագործելով իշխանության վերադարձի հայտ ներկայացնել: Իսկ որ այն ժամանակվա համար այդպիսի վտանգ կար, ակներև է: Հիշենք, որ այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանում իշխանության վերադարձավ  Հեյդար Ալիևը, իսկ Վրաստանում՝ Էդվարդ Շևարդնաձեն:
 
Այդ սպանությունները հենց  այդ հստակ քաղաքական նպատակն էին հետապնդում, այն է՝ վախեցնել Կարեն Դեմիրճյանին ու նրա շրջապատին:
 
Ցավոք, այս բոլոր հանցագործությունները ժամանակին չբացահայտվեցին, դրա համար էլ 95-ին և 96-ին Տեր-Պետրոսյանի իշխանությունը չէր կարող մաքուր ընտրություններով զիջել այն ժամանակվա ընդդիմությանը: Դրա համար էլ ընդդիմությունը 100 տոկոս քվե ստանալու դեպքում էլ իշխանություն չէր ստանա:
 
Այն ժամանակվա ընդդիմության լիդեր Վազգեն Մանուկյանը  1996-ի կեղծված ընտրությունների ընդվզման ընթացքում վերջին պահին նահանջեց, չարտասանեց  Չարենցի բանաստեղծությունը, հակառակ դեպքում Երևանում արյան ծով էր առաջանալու: Դրա մասին ակնարկում էին այն ժամանակվա իշխանությունները:
 
Այս ամենը շատ լավ գիտի ողջ հայ ժողովուրդը, սակայն, ցավոք, 98-ից հետո այն արժանի քաղաքական գնահատականի չարժանացվեց:
 
Դրա համար էլ չարիքը չպատժվեց: Իսկ դրա արդյունքում հանրությունը սխալ ազդակներ ստացավ, հետագայում հանցագործները սկսվեցին «մաքրվել» և խոշոր մասշտաբի ընտրակեղծարարները դեմոկրատի դիմակով հայտ ներկայացրին կրկին իշխանության վերադառնալու համար: Նրանց  գլխավոր հաշվարկն այն էր, որ հանրապետության երիտասարդ սերունդը «չի հիշի» 96-ի այլանդակությունները:
 
Եվ այն, ինչ որ եղավ 2008-ին, մասամբ դրա ապացույցն էր:
 
Սակայն երկիրը մշտապես հայտնվելու է պատմական թակարդներում այն դեպքում, երբ օրվա իշխանությունը մոռացության է տալիս դա: 98-ից հետո եկած իշխանավորները հենց այդպես էլ վարվեցին և դրա համար էլ,  այսօր նախկին թալանչիներն ու ընտրակեղծարարները իրենցից հաշիվներ են պահանջում:
 
Սա արդյունք է նրան, որ 98-ից հետո եկած իշխանավորները չէին հասկանում, որ եթե դու չտաս հանցագործների քաղաքական գնահատականը, ապա վաղը այդ հանցագործները քո գնահատականը կտան: Եվ ոչ ոք հաշվի չի առնի, թե ով է երկրի տնտեսությունը թալանել, իսկ ով՝ երկնիշ տնտեսական աճ ապահովել:
 
Այնպես որ, այն ինչ կատարվում է այսօր, արդար չէ, սակայն քաղաքական տեսանկյունից օրինաչափ է:
 
Սակայն, բուն երկրի շահերի տեսանկյունից, խիստ վտանգավոր է, երբ թալանչիներն ու ընտրակեղծարարներն են ուզում օրինաչափություն հաստատել:  Սա վատ ազդակ կլինի հանրության համար, և դրա համար պետք է ամեն ինչ անել, որ երկրում հաստատվի իրական արդար և օրինաչափելի համակարգ, որպեսզի ավազակը զգա, որ վաղ թե ուշ պատասխան է տալու իր արաքի համար:
 
Մյուս կողմից այս գործընթացը չպետք է բերի հանրության էլ ավելի պառակտման: Սակայն այս վերջինը մեծապես կախված է Փաշինյանի իշխանությունից: Իսկ այդ իշխանությունը գործում է օրվա շահերով, օրվա կուրսով և օրվա թելադրանքով, որի արդյունքում հանրության պառակտումը դառնում է գրեթե անխուսափելի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
 
Սա է իրականությունը:
 
Դավիթ Հակոբյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը