Փաշինյան-Բախտաձե էքստրիմ. ով է ուզում կտրել լարը


Փաշինյան-Բախտաձե էքստրիմ. ով է ուզում կտրել լարը

  • 25-03-2019 13:57:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Մարտի 24-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, որը Հայաստանում տուրիզմի, նաեւ խորհրդանշականորեն էքստրեմալ տուրիզմի կենտրոններից մեկն է, տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Մամուկա Բախտաձեւի ոչ ֆորմալ հանդիպումը:
 
Ընդ որում, Հայաստանի ու Վրաստանի վարչապետները 2019-ին այդ ձեւաչափով, այդ միջավայրում հանդիպում են արդեն երկրորդ անգամ: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ վրացական Բոլնիսիում, ինչը հետաքրքիր էր նրանով, որ Բոլնիսին ունի հայ-վրացական համատեղության խորհրդանշականություն:
 
Ընդ որում, այդ հանդիպումը տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ հունվարի 14-ին:
 
Էքստրիմն էլ Հայաստանի եւ Վրաստանի համար խորհրդանշական է նրանով, որ երկու երկրների հարաբերությունը որոշակիորեն այդ տիրույթում է, միաժամանակ երկու երկրները ռեգիոնալ անվտանգության էքստրեմալ տիրույթում են:
 
Չնայած հայտարարված հակառակ արտաքին քաղաքական ուղղություններին կամ ինտեգրացիոն ուղղություններին, Վրաստանն ու Հայաստանը գտնվում են անվտանգության միեւնույն գծի վրա, որի հատումը վտանգ է երկու պետությունների համար էլ: Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումները հուշում են, որ խնդիրը պատկերացնում են թե Երեւանը, թե Թբիլիսին: Միեւնույն ժաանակ, դրանով հանդերձ երկու երկրների հարաբերությունը պարբերաբար ունենում է «ծակոցներ», որից հերթականը զգացվեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեության արդյունքում:
 
Տիկինը նախ Բաքվում արեց հայտարարություններ, որոնք հարված էին Վրաստանի ու Հայաստանի անվտանգությանը: Հետո տեղի ունեցավ նրա այցը Հայաստան, որի ընթացքում թվում է իրավիճակը հարթվեց՝ կողմերը վերահաստատեցին, որ աբխազական եւ հարավ-օսական հարցերն ամենեւին նույնական չեն Արցախի հարցի հետ, բայց հետո եղան տեղեկություններ, որ վրացական կողմը հայկական կողմի առաջ բաձրացրել է Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների հարց, դիտարկելով վրացական պատկանելության խնդիրը:
 
Այն, որ խնդիրները կան, անհերքելի է, բայց անհերքելի է նաեւ, որ Երեւանն ու Թբիլիսին վերջին տարիներին կարողացել են դրանք չվերածել երկկողմ լուրջ խնդրի: Եվ տարօրինակ է այն, որ Վրաստանի նոր նախագահն, անցնելով պաշտոնի, արեց քայլեր, որոնք կարծես թե ռիսկի տակ դրեցին տարիների այդ ջանքը: Ընդ որում, դա մի դեպքում, երբ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո առաջացել է երկու երկրների հարաբերությունը ռազմավարական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն եւ գործնական հեռանկար:
 
Հասկանալի է, թե ում կարող է անհանգստացնել այդ հեռանկարը: Բայց արդյոք այդ հեռանկարի համար խնդիր ստեղծելու այդ շահառուներն աջակիցներ ունեն Վրաստանում, այն էլ վրացական իշխանության մեջ:
 
Այդ տեսանկյունից հատկանշական է, որ Զուրաբիշվիլիի հայաստանյան ոչ միարժեք այցից հետո տեղի է ունենում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների երկրորդ ոչ ֆորմալ շփումը, այս անգամ Հայաստանի տարածքում: Երիտասարդ վարչապետների առաջ ընթացիկ գործակցության հարցերին զուգահեռ անկասկած ռեգիոնալ իրադրության համար պատմական ժամանակաշրջանում առկա է նաեւ երկկողմ հարաբերության ռազմավարական լարն ամրացնելու խնդիրը, երեք կողմից այն կտրելու կամ առնվազն թափահարելու պատրաստ սուբյեկտների առատության պայմաններում:
 
Ընդ որում, հատկապես ուշագրավ է, որ վարչապետների հանդիպմանը մասնակից պաշտոնյաների շարքում նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությունը, ինչը վկայում է, որ հայ-վրացական այդ շփման դիապազոնը բավականին լայն է եւ ռազմավարական իմաստով՝ բավականին ընդգրկուն:
 
Առավել եւս մեկ այլ խորհրդանշական հանգամանքի ֆոնին: Նույն օրը երեկոյան Վրաստանի վարչապետը Թբիլիսիում հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որը Վրաստան է ժամանել ՆԱՏՕ զորավարժության առիթով: Հայաստանը չի մասնակցել բազմազգ այդ զորավարժությանը, որին ի դեպ մասնակցել են Ադրբեջանը եւ Թուրքիան: Երեւանը չմասնակցելը պատճառաբանել էր հայկական անվտանգության խնդիրների համապատկերում զորավարժության սցենարի ոչ արդիականությամբ, թեեւ շատ մեդիա եւ փորձագիտական շրջանակներ համարում են, որ Երեւանը չի մասնակցել Ռուսաստանի դժգոհություն չառաջացնելու պատճառով:
 
Ենոքավանում հայ-վրացական հանդիպման հանգամանքը կարեւոր է նրանով, որ փաստորեն հուշում է այդ կապակցությամբ Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ կնճիռ չլինելու մասին: Միաժամանակ, արդյոք եղել է Փաշինյան-Բախտաձե եւ հետո Բախտաձե-Ստոլտենբերգ հանդիպումների միջեւ որեւէ անուղղակի հաղորդակցություն: Վրաստանը սկզբունքորեն այդպիսի հաղորդուղի է, եւ դա նաեւ Վրաստանի անվտանգության առանցքային հանգամանք է՝ լինել ՆԱՏՕ-Երեւան հարաբերության խողովակներից մեկը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն